Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակը վկայություն տալուց հետո ազատ է արձակվել (լրացված)

Դեկտեմբերի 23-ի վաղ առավոտյան բերման ենթարկված՝ Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ, HDP-ական Փերվին Բուլդանը դատարանում վկայություն տալուց հետո ազատ է արձակվել։ Դատարանից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում Բուլդանն ասել է, որ իրեն դատարան են բերել բռնի ուժով, քանի որ հրաժարվում էր գնալ։ HDP-ական պատգամավորը իրավապահների գործողությունները հակաիրավական է որակել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր վաղ առավոտյան Ստամբուլում բերման է ենթարկվել Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) անդամ Փերվին Բուլդանը։ Այդ մասին խորհրդարանականը տեղեկացրել է Թվիթերի իր էջում։

HDP-ի դեմ հետապնդումները սկսվել էին նոյեմբերին, երբ կուսակցության ինը պատգամավորներ, այդ թվում՝ երկու համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը, ձերբակալվել էին Թուրքիայում ահաբեկչական հռչակված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապեր ունենալու կասկածանքով։

Ավելի ուշ Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել էր երկրի հարավ-արևելքում գտնվող Մարդին քաղաքի քաղաքապետ Ահմեթ Թյուրքին, ինչպես նաև Մարդինի շրջաններից մեկի՝ Արթուքլուի քաղաքապետ Էմին Իրմաքին։

Մեկնաբանել