Դեսպանի սպանությունը չի խոչընդոտի ռուս-թուրքական հարաբերություններին․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը չի խոչընդոտի ռուս-թուրքական հարաբերությունների զարգացմանը։ Այս մասին նա հայտարարել է այսօր՝ թվով 12-րդ իր ամենամյա մամուլի ասուլիսին։

«Մեր դեսպանի սպանությունը, կարծում եմ, հանցափորձ էր Ռուսաստանի և ռուս-թուրքական հարաբերությունների դեմ»,- ասել է Պուտինը։ Նա նշել է, որ թերահավատորեն էր մոտենում այն պնդումներին, թե Սիրիայի երկնքում ռուսական ինքնաթիռի խոցումը կարող էր տեղի ունենալ առանց թուրքական իշխանությունների հրամանի։ Այժմ Պուտինը մտափոխվել է։

«Հիմա ես դրան չեմ հավատում։ Կան փաստեր, որոնք վկայում են այնպիսի տարրերի ներթափանցման մասին, որոնք ցանկանում էին քանդել ռուս-թուրքական հարաբերությունները»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը՝ ակնարկելով, որ ռուս դեսպանի սպանության մեջ ներգրավված են արտաքին ուժեր։

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը սպանվել էր Անկարայում երկուշաբթի երեկոյան «Ռուսաստանը թուրքերի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի ժամանակ՝ 22-ամյա նախկին ոստիկան Մևլութ Մերթ Ալթընթաշի կողմից։ Պաշտոնական Անկարան դեսպանի սպանության մեջ մեղադրում է ԱՄՆ-ում բնակվող իսլամական թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին։ Վերջինս հերքում է իր շարժման առնչությունը Կառլովի սպանությանը։ Alliance for Shared Values նյույորքյան կազմակերպության տարածած տեսաուղերձում Գյուլենը հերթական անգամ դատապարտել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը և ընդգծել, որ Կառլովը ողջունում էր Ռուսաստանում գյուլենական շարժման գործունեությունը։

Մեկնաբանել