Հայաստանի տնտեսությունն աճել է ընդամենը 0.5 տոկոսով

Չնայած իշխանության հայտարարություններին ու կանխատեսումներին, 2016-ին Հայաստանի տնտեսական աճը ոչ միայն չի հասնի նախատեսված 2.2-2.4 տոկոսին, այլ կազմելու է ընդամենը 0.5 տոկոս։ Այդ մասին այսօր հրավիրած ամփոփիչ տարեվերջյան ասուլիսում հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել էր, որ այս տարվա 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 0.6 տոկոս։ Որպես անկման պատճառ Արամյանը շեշտում է գյուղատնտեսության ոլորտի արտադրանքների անկումը, մնացած ոլորտներն, ըստ նրա, զարգացել են կանխատեսվածի պես։ «Գյուղատնտեսության ոլորտում մենք դրական աճ էինք կանխատեսում, բայց ամենայն հավանականությամբ կունենանք բացասական արդյունք։ Կարծում ենք, որ դա կապված է ոչ թե տնտեսական զարգացման հետ, այլ հաշվառման խնդիր է եղել»,-ասաց նախարարը։ Օգոստոսին գյուղատնտեսության ոլորտում, ըստ նրա, եղել է 9 տոկոսանոց աճ, սեպտեմբերին՝ 20, իսկ հոկտեմբերին՝ 30 տոկոսանոց անկում ու եթե դա տնտեսական զարգացումների արդյունք լիներ, գները պետք է արձագանքեին։

2017-ին Վարդան Արամյանը կանխատեսում է 3.2 տոկոսանոց տնտեսական աճ։ Ֆինանսների նախարարը կարծում է, որ եկող տարին պետք է լինի տնտեսության կայունացման տարի, քանի որ արտաքին աշխարհից կան դրական ազդակներ՝ կապված Ռուսաստանի տնտեսությունում առկա դրական դինամիկայի հետ։ Խոսքը նաև վերաբերում է Ռուսաստանից Հայաստան եկող դրամական փոխանցումների ծավալի մեծացմանը։ Արամյանը Հայաստանի տնտեսությունն անգամ համեմատեց բռնցքամարտիկի հետ, ով նոկդաունից հետո պետք է ուշքի գա։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի։

Մեկնաբանել