Միացյալ Նահանգները թույլ է տվել, որ հակաիսրայելական բանաձև ընդունվի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհդրում Միացյալ Նահանգները թույլ է տվել, որ ընդունվի Իսրայելին քննադատող բանաձև։ Նախկինում Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, մշտապես օգտագործում էր վետոյի իր իրավունքը և թույլ չէր տալիս, որ Իսրայելի դեմ նման բանաձևեր ընդունվեն։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Միացյալ Նահանգները ձեռնպահ է քվեարկել պաղեստինյան տարածքներում իսրայելական բնակավայրերի կառուցումը քննադատող բանաձևին՝ չնայած Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի վրա գործադրած ճնշումներին և այդ հարցով ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ համաձայնությանը։

Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուրբաթ կայացած նիստում ՄԱԿ-ի ԱԽ-ն 14 ձայնով ընդունել է բանաձևը, ձեռնպահ է քվեարկել միայն ԱՄՆ-ը։

Բանաձևը, որը ԱԽ-ի քննարկմանն էր ներկայացրել Եգիպտոսը, Իսրայելից պահանջում է «անհապաղ և ամբողջությամբ դադարեցնել հրեական բնակավայրերի կառուցումը պաղեստինյան գրավյալ տարածքներում, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմում»։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ցասումով է արձագանքել բանաձևի ընդունմանը․

«Իսրայելը մերժում է այդ ամոթալի բանաձևը և չի կատարելու դրա պահանջները։ Օբամայի վարչակազմը ոչ միայն չկարողացավ պաշտպանել Իսրայելին, այլև կուլիսների ետևում մտվ դավադրության մեջ»։

Պաղեստինյան տարածքներում հրեական բնակավայրերի կառուցումը իսրայելա-պաղեստինյան հակամարտության մշտական խնդիրներից է։ Պաղետսինի գրավյալ տարածքների 140 բնակավայրերում մոտ 500 հազար հրեա է բնակեցվել 1967-ից հետո։ Միջազգային իրավունքի համաձայն՝ այդ բնակեցումները համարվում են անօրինական, թեև Իսրայելը դա չի ընդունում։

Մեկնաբանել