«Դու հայ անառակի որդի ես»․ թուրք ոստիկանները՝ Դիարբեքիրում ձերբակալված լրագրողին

Թուրքիայում շարունակվում են բռնաճնշումները պարբերականների և լրատվականների դեմ․ այսպես՝ կիրակի օրը Ստամբուլում և Դիարբեքիրում ոստիկանության գործողությունների արդյունքում ձերբակալվել է ևս վեց լրագրող, հաղորդում է Turkish Minute կայքը։

Հաղորդվում է, որ Դիարբեքիրում տնից ձերբակալվել է քրդամետ Dicle լրատվական գործակալության մենեջեր Օմեր Չելիքը։ Ըստ հաղորդագրության՝ ոստիկաններից մեկը հրել է Չելիքին ճաշասենյակ և ծեծելով՝ բացականչել․ «Դու լուրեր ես հաղորդում։ Դե արի, այժմ լուր հաղորդի։ Դու հայ անառակի որդի ես։ Դե արի, լուր գրի հիմա»։

Միևնույն ժամանակ, ըստ Turkish Minute-ի, մեկ այլ ոստիկան ատրճանակ է պահել Չելիքի մոր վրա և նրան հարցրել․ «Ինչո՞ւ ես տղայիդ լրագրող դարձրել։ Ինչո՞ւ ես դա թույլ տվել»։

Չելիքին և նրա ընտանիքին մոտ մեկ ժամ ճնշումների և նվաստացումների ենթարկելուց հետո ոստիկանությունը շղթայել է լրագրողին և նրան տեղափոխել ոստիկանություն։ Տասնյակ ոստիկաններ խուզարկել են Չելիքի տունը։

Մեկնաբանել