ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչները կայցելեն Հրաչյա Հարությունյանի ազատազրկման վայր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ հեռախոսով քննարկել է ՌԴ-ում ազատազրկման դատապարտված՝ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի պատժի կրման պայմաններն ու առողջական վիճակը։

Ինչպես հաղորդում է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ բարձրացված հարցերը պարզելու նպատակով ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչներն հատուկ այցելություն կիրականացնեն ազատությունից զրկման այն վայր, որտեղ պատիժ է կրում Հրաչյա Հարությունյանը: ՌԴ-ում վերջինիս պատժի կրման պայմանների և առողջական վիճակի, նախատեսվող այցի հետ կապված հարցերը քննարկվել են նաև նրա ազգականի հետ:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն անցյալ շաբաթ կայացած մամուլի ասուլիսին հայտարարել էր, որ Ռուսաստանում ազատազրկված Հրաչյա Հարությունյանի դեմ ներկայացված են մի քանի քաղաքացիական հայցեր, ինչը խոչընդոտում է նրա արտահանձնման կազմակերպմանը։

«Պարբերաբար հիշեցումներ ենք ուղարկում ռուսական կողմին այդ հարցով: Որքանով ես եմ տեղյակ, քաղաքացիական հայցեր են ներկայացված, որոնք կոնվենցիոն հիմքերի տեսանկյունից դիտարկվում են որպես նրան հանձնելու խոչընդոտ: Այս ամենը պարզվեց 2016 թվականի առաջին ամիսներին», – նշել էր նախարարը:

Հրաչյա Հարությունյանը Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի կողմից դատապարտվել է 6 տարի 9 ամսվա ազատազրկման մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարից հետո, որի հետևանքով զոհվել էր 18 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել էին։ Հարությունյանի հարազատները ջանքեր են գործադրում նրան Հայաստան տեղափոխելու ուղղությամբ։

Մեկնաբանել