Ղարաբաղյան գործընթացում ոչ մի կառույց չի կարող հավակնել մենաշնորհային դերի․ Մամեդյարով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ադրբեջանական «Ազերթաջ» գործակալությանը տված հարցազրույցում ամփոփել է 2016 թվականը, անդրադարձելղարաբաղյան կարգավորման՝ այս տարվա հիմնական իրադարձություններին։ Այդ համատեքստում Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած «բարձր մակարդակի բովանդակային քննարկումները» համարել է «դրական քայլեր՝ արված ճիշտ ուղղությամբ»։

«Մենք պետք է օգտագործենք այդ հնարավորությունն ու այդ հանդիպումներում կայացրած պայմանավորվածություններն անհապաղ վերածենք կոնկրետ միջոցների»,- նշել է Մամեդյարովը։

Հերթական անգամ հայկական կողմին մեղադրելով «սադրիչ գործողությունների» և «բանակցային գործընթացը խարխլելու» մեջ՝ Մամեդյարովը հանգամանալից ներկայացրել է ադրբեջանական դիվանագիտության գործունեությունը միջազգային այլ հարթակներում։

Մամեդյարովի խոսքով՝ Ադրբեջանն օգտագործում է միջազգային բոլոր կազմակերպությունների հարթակները, որոնց անդամ է հանդիսանում՝ միջազգային հանրության ուշադրությանը հասցնելու ԼՂ հակամարտության մասին «ճշմարտությունը»։

«Հակամարտության կարգավորման գործընթացում ոչ մի կառույց չի կարող հավակնել մենաշնորհային դերի» ,- ասել է Մամեդյարովը՝ հավելելով, որ «քանի դեռ չի վերականգնվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», Բաքուն շարունակելու է բոլոր միջազգային կազմակերպությունների օրակարգ մտցնել ԼՂ հիմնահարցը։

Մեկնաբանել