ԱՄՆ-ը արտաքսում է ռուսաստանցի 35 դիվանագետի

ԱՄՆ-ը ռուսաստանցի 35 դիվանագետի և նրանց հետ սերտ առնչություն ունեցած մարդկանց արտաքսում է երկրից։ 72 ժամվա ընթացքում նրանք պետք է լքեն ԱՄՆ-ի տարածքը, հաղորդում է Reuters-ը։

Անցանկալի անձ (persona non grata) հայտարարված անձանց թույլ չի տրվում մուտք գործել անգամ Մերիլենդում և Նյու Յորքում գտնվող այն բնակարանները, որոնք, ըստ Reuters-ի աղբյուրների, օգտագործվել են «հետախուզական տվյալների» համար։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին։ Հրամանագրով սահմանափակումներ են մտցվում նաև ռուսաստանցի վեց անձանց և հինգ կազմակերպությունների նկատմամբ։ Ցուցակում ընդգրկվել է նաև ՌԴ Պետական հետախուզական վարչության ղեկավար Իգոր Կորոբովը և այդ կառույցի այլ պաշտոնյաներ։

Օբաման հայտարարել է, որ սահմանափակող միջոցները մտցվում են մասնավոր և հրապարակային բազմաթիվ նախազգուշացումներից հետո։ «Այս գործողությունները Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների դեմ քայլերի մեր ամբողջական ցուցակը չեն։ Մենք շարունակելու ենք տարատեսակ գործողություններ ձեռնարկել ցանկացած վայրում ցանկացած ժամանակ, որը մենք կընտրենք, և այդ գործողություններից որոշների մասին հրապարակային չի հայտարարվի»,- ասել է Օբաման։

Սպիտակ տունն առաջիկայում Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի զեկույց՝ «ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի ներգրավվածության մասին»։

Հայտնի չէ, թե արդյոք Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին իր պաշտոնամուտից հետո այս պատժամիջոցները կչեղարկի, թե ոչ։

Ամերիկյան հատուկ ծառայությունների պնդմամբ՝ Ռուսաստանը փորձել է միջամտել ԱՄՆ-ի ընտրությունների ընթացքին ոչ միայն Դոնալդ Թրամփի հաղթանակի, այլև «ԱՄՆ նախագահի ընտրությունների համակարգի նկատմամբ վստահությունը խարխլելու համար»։

Կիբերանվտանգության մասնագետները եզրակացրել են, որ 2016-ի ամռանը ամերիկյան կուսակցությունների սերվերների վրա հարձակումների հետևում կանգնած են Fancy Bear և Cozy Bear խմբերը, որոնք ենթադրաբար կապված են ռուսական հատուկ ծառայությունների, այդ թվում հետախուզական ծառայության հետ։

Կրեմլում մասնակցությունը կիբերհարձակումներին չէին հերքել։ Բարաք Օբաման ասել է, որ դրանք դադարեցվեցին, երբ սեպտեմբերին ինքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրեց վերջ տալ դրանց։

Ռուսաստանի արձագանքը

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր կլինի պաշտոնական հայտարարություն ԱՄՆ գործողությունների նկատմամբ։

«Մարդիկ, որոնք ութ տարի զբաղեցնում էին Սպիտակ տունը, վարչակազմ չեն։ Դրանք արտաքին քաղաքական ձախողակների խումբ է՝ չարացած ու անհեռատես։ Օբաման այսօր դա խոստովանեց պաշտոնապես»,- գրել Զախարովան։

Մեկնաբանել