Չինարին պատասխան էր նրանց, ովքեր ռացիոնալ են փնտրում իռացիոնալի մեջ․Վիգեն Սարգսյան

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումը Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ։

«Այս միջադեպը շատ ուղիղ պատասխան էր բոլոր նրանց, ովքեր փորձում են ռացիոնալ օղակ փնտրել իռացիոնալի մեջ։ Կարծում եմ, որ որևէ տրամաբանական բացատրություն այս փորձին գոյություն չունի։ Սա ուղղակի այլատյացության, ներքին ագրեսիայի ձևավորման, զինվորական առումով չբացատրելի արարքները հերոսացնելու, իմ գնահատականով՝ երկարաժամկետ չափազանց իռացիոնալ քաղաքականության արդյունքն ու դրսևորումն է»,- ասել է պաշտպանության նախարարը իր տարեվերջյան ամփոփիչ հարցազրույցում, որից մի հատված հրապարակվել է Յութուբում։

Նախարարն ըստ էության հակադարձում է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, ով դեկտեմբերի 17-ին իր կուսակցության համագումարում քննադատության էր ենթարկել Վիգեն Սարգսյանի առաջ քաշած «Ազգ-բանակ» հայեցակարգը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անվանել ռացիոնալ քաղաքական գործիչ։

«Ինչպես միշտ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը այդ փորձին տվել են համարժեք արձագանք, կատարվել են ինչպես կանխարգելիչ, այնպես էլ պատժիչ միջոցառումներ, և այդ մոտեցումը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև հակառակորդը չհասկանա, որ անիմաստ է փորձել լուծել մի խնդիր, որը այդպես չի լուծվում՝ զինվորական, ռազմական ճանապարհով։

Յուրաքանչյուր կորուստ, որ ունենում ենք զինված ուժերում, մեր ժողովրդի և մեր ողջ երկրի կորուստն է։ Եվ չկա որևէ գին, որը պարտադրելով հակառակորդին, մենք կլրացնենք այդ կորուստը։ Բայց գինը միշտ լինելու է, և այդ գինը լինելու է անհամաչափ, այնքան ժամանակ, ինչքան որ կպահանջվի այս գաղափարը հակառակորդին մինչև վերջ հասցնելու»,- ասել է Վիգեն Սարգսյանը։

Դեկտեմբերի 29-ի գիշերը Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն հարձակման արդյունքում զոհվել է երեք հայ զինվորական։