Ստամբուլում գիշերային ակումբի վրա հարձակմանը զոհ է գնացել 39 հոգի

Առնվազն 39 հոգի սպանվել և մոտ 40-ը վիրավորվել է Ստամբուլի Reina գիշերային ակումբի վրա հարձակման արդյունքում։ Հարձակումն իրականացրել է Սանտա Կլաուսի հագուստով մեկը։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ սպանվածների թվում 16 օտարերկրացի կա, ոստիկանությունը որոնում է հարձակումն իրականացնողին։

Ավելի վաղ Ստամբուլի նահանգապետ Վասիպ Շահինը հայտարարել էր, որ հարձակվողները երկուսն են եղել։

Reina ակումբը Ստամբուլի Պեշիկթաշ թաղամասում է։ Հարձակման պահին այնտեղ մի քանի հարյուր հոգի է եղել։ Թուրքական NTV հեռուստաալիքը հաղորդել է, որ որոշ այցելուներ խուճապից նետվել են Բոսֆորը։

Ականատեսներից մեկի պնդմամբ՝ ահաբեկիչները արաբերեն են խոսել։ Ընդ որում՝ Reina կոչվող գիշերային ակումբում այդ պահին կար շուրջ 600 մարդ։ Գիշերային ակումբի հյուրերի մի մասն էլ ծովն է նետվել։ Նրանց ճակատագիրը դեռևս անհայտ է։

Ամերիկյան հետախուզությունը տեղեկացրել էր

Զվարճանքի կենտրոնի սեփականատեր Մեհմեթ Քոչարսլանը Հուրիյեթի թղթակիցն ասել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունն իրենց տեղյակ է պահել հնարավոր ահաբեկչության մասին։ «7-10 օր, թե՛ ցամաքի, թե՛ ծովի կողմից անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել։ Բայց վերջում ի՞նչ եղավ․ եկան մեր աչքի առաջ սպանեցին, գնացին»,- ասել է Քոչարսլանը։

Մեկնաբանել