Թրամփի թիմը վիճարկում է ռուս դիվանագետներին արտաքսելու Օբամայի որոշումը

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի խոսնակ Շոն Սփայսերը (Sean Spicer) կասկածի տակ է դնում 35 ռուս դիվանագետներին արտաքսելու նախագահ Բարաք Օբամայի որոշումը։

Կիրակի ամերիկյան ABC հեռուստաընկերության եթերում Շոն Սփայսերը, անդրադառնալով ռուս հաքերների՝ ամերիկյան ընտրությունների ընթացքում ամռանը իրականացրած հաքերային հարձակումների հարցին, ասել է․

«Ես կարծում եմ՝ հարցերից մեկը, որ ծագում է, հետևյալն է՝ համարժե՞ք է արդյոք [Օբամայի որոշումը]»։

Թրամփի խոսնակը նաև հայտարարել է, որ չեղարկվելու են Օբամայի շատ հրամանագրեր, որոնք «վերջին ութ տարիներին բարդացրել են երկրի տնտեսական վիճակը»։

Անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր էր ստորագրել ռուսաստանցի 35 դիվանագետների արտաքսելու մասին, որոնք կասկածվում են ամերիկյան կուսակցությունների կայքերի վրա հաքերային հարձակումների կազմակերպման և օժանդակման մեջ։ Օբամայի վարչակազմը պնդում է, որ Ռուսաստանը ամերիկյան ընտրությունների ընթացքում միջամտություններ է իրականացրել հօգուտ Դոնալդ Թրամփի։

Հրամանագրով սահմանափակումներ են մտցվում նաև ռուսաստանցի վեց անձանց և հինգ կազմակերպությունների նկատմամբ։

Ի պատասխան՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը առաջարկել էր երկրից արտաքսել ամերիկացի 35 դիվանագետի։ Սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անսպասելի որոշում կայացրեց՝ համարժեք պատասխան չտալով ԱՄՆ-ին։ Պուտինը նախագահի պաշտոնին հրաժեշտ տվող Օբամային մեղադրեց ռուս-ամերիկյան հարաբերությունները ավելի վատացնել փորձելու մեջ։

Մեկնաբանել