11-ամյա Ահմադ ալ Խալաֆը երկու ձեռքը՝ արմունկից վերև, կորցրել է 2014-ին՝ սիրիացի փախստականների ճամբարում ռումբի պայթյունից, որից զոհվել են նրա երեք քույր-եղբայրները։ Անցյալ հունվարին նա կոնգրեսմեններից մեկի հրավերով եկել էր լսելու նախագահ Օբամայի տարեկան ուղերձը՝ Կոնգրեսի երկու պալատներին։
Associated Press-ը հաղորդում է, որ Ահմադը սովորել է հեծանիվ ու ակներով չմուշկներ քշել, նա հաճախում է մարմնամարզության պարապմունքների և ամառն անցկացրել է Բոստոնի արվարձաններից մեկում՝ ցերեկային ճամբարում ֆուտբոլ խաղալով ու լողալով։
Ահմադին և նրա հորը հյուրընկալել է ամերիկացի մի ընտանիք։ Նա ստացել է իր առաջին պրոթեզ-ձեռքերը։ Այժմ երազում է, որ ընտանիքը վերամիավորվի․ մայրը և աղետը վերապրած չորս քույր-եղբայրներն ապրում են Ստամբուլում։
«Ուզում եմ, որ մայրս գա այստեղ։ Ինձ թվում է՝ ես նրան կորցնում եմ։ Շատ երկար է արդեն, որ չեմ տեսել մայրիկիս։ Այլևս չեմ կարողանում դիմանալ» ։
Ահմադի հայրը՝ Դիրգամ ալ Խալաֆն ասում է, որ ընտանիքի վերամիավորումը մեծապես կախված է նրանից, թե արդյոք ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը սիրիացի փախստականներին թույլ կտա ապաստանելու ԱՄՆ-ում, քանի որ ընտրարշավի ժամանակ նա հայտարարում էր, որ սահմանափակելու է մուսուլմանների հոսքը դեպի ԱՄՆ։ Ինքը՝ Ալ Խալաֆը, որը որդու հետ ԱՄՆ-ում է, ապաստանի իրավունք է հայցել։
Նա ասում է, որ չի կարող վերադառնալ Թուրքիա ԱՄՆ-ում իր ժամանակավոր կացության մասին հայտարարելուց հետո։ Իսկ Հալեպ վերադառնալը, որտեղ սուննի այս ընտանիքն ապրում էր, նույնպես չի դիտարկվում։
«Սիրիայում մեզ համար ոչինչ չի մնացել։ Մեր տունն ավերված է, կառավարությունը հետապնդում է մեզ։ Եթե ԱՄՆ-ում մեզ չընդունեն, մենք տեղ չունենք գնալու»,- ասում է Ալ Խալաֆը։
Նա և որդին ԱՄՆ-ում են 2015թ․ հունվարից՝ բժշկական վիզայով։ Ալ Խալաֆն այժմ աշխատանքի իրավունք ունի և մզկիթում պահակ է աշխատում։ Հուսով է՝ շուտով վարորդական իրավունք կստանա։
11-ամյա Ահմադը հաճախ է խոսում Ստամբուլում գտնվող մոր հետ, և գիտի, որ մայրը դժվարությամբ է կարողանում հոգ տանել իր քույր-եղբայրների համար։ Նրա ընտանիքը գոյատևում է հիմնականում նպաստների ու օգնությունների հաշվին։
«Փորձում եմ մորս ուրախացնել, բայց դժվար է»,- ասում է 11-ամյա Ահմադը։
Բոստոնի արվարձաններից մեկում նա արդեն չորրորդ դասարան է անցել, և սպասում է, որ ավելի լավ պրոթեզ ձեռքեր է ստանալու։ Ահմադն ակնկալում է արդեն այս ամառ ֆուտբոլի թիմում խաղալ։