ԱՄՆ-ը քաջալերում է Սիրիայի հարցով Աստանայի բանակցությունները

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնը քաջալերում է սիրիական խնդրի կարգավորման ուղղությամբ Աստանայի բանակցությունները, որոնք տեղի են ունենալու Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջնորդությամբ։։

Reuters-ի փոխանցմամբ, Վաշինգտոնում տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսին պետքարտուղար Քերին հույս է հայտնել, որ բանակցությունները քայլ կարձանագրեն դեպի խաղաղություն։

Դեկտեմբերի վերջին Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի միջնորդությամբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և ընդդիմադիր յոթ խմբավորումներ համաձայնել էին բանակցություններ սկսել։ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել էր քննարկումներն անցկացնել իր մայրաքաղաքում՝ Աստանայում։

Տարեկան ամփոփիչ ասուլիսին պետքարտուղար Քերին հայտնել է, որ ինքը զրույց է ունեցել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի, ինչպես նաև իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ, և նպատակը մնում է «գնալ Ժնև, որտեղ հիմնական բանակցությունները պետք է տեղի ունենան»։

Քերին ասել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ դեկտեմբերի 30-ից Սիրիայում հաստատված զինադադարը քանիցս խախտվել է։

«Կռիվը շարունակվում է, դժվար է, իսկ Ասադի վարչակարգը կարծես նույն խաղաքարտն է օգտագործում, ինչ նախկինում»։

Reuters-ը հիշեցնում է, որ Քերիի և Լավրովի՝ Սիրիայում հրադադար հաստատելու մի քանի ձախողված փորձերից հետո ԱՄՆ-ը դուրս է մնացել սիրիական կարգավորման բանակցություններից, և պարզ չէ, թե արդյոք ներկա կլինի Աստանայի բանակցություններին։

Մեկնաբանել