Հայաստան-Իրան երկաթուղին կառուցելու համար ստեղծված ընկերությունը լուծարվում է

Հայաստան-Իրան երկաթուղին կառուցելու համար ստեղծված «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ընկերությունը լուծարվում է։

Կառավարության հունվարի 12-ի նիստի օրակարգում ընդգրկված է «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին հարցը։ Սա կառավարության կողմից 2009թ. հիմնված այն ընկերությունն է, որը պետք է իրականացներ Հայաստան-Իրան երկաթուղու շինարարական աշխատանքների կազմակերպումն ու այդ նպատակի համար վարկեր ներգրավեր։ Այդ մասին կառավարությունը հայտարարել էր դեռ 2009թ․։

Այս ընկերության կանոնադրական կապիտալը կազմում էր 27 միլիոն դրամ, իսկ բաժնետոմսերը կառավարում էր տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։ Ընկերության ղեկավարն էր Աշոտ Շահնազարյանը։

Դեռ 2008-ին Հայաստանի խորհրդարանում հնչեցրած իր ուղերձում Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե մոտակա ամիսներին կսկսվի Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը։ Հայտարարությունից ինը տարի անց որևէ տեղաշարժ չկա այդ ուղղությամբ։ Կառավարությունը որպես երկաթուղու շինաշխատանքները կազմակերպող ընկերությունը լուծարելու հիմք նշել է պետական կառավարման ապարատի օպտիմալացման գործընթացն ու ծախսերը կրճատելու հանգամանքը։

Դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով Հայաստանում էր Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո կողմերը երկաթուղու կառուցման վերաբերյալ որևէ հստակ հայտարարությամբ հանդես չեկան։ Կողմերի համատեղ հայտարարության մեջ պարզապես նշված էր.

«Երկուստեք կարևորվեց Հայաստանի և Իրանի միջև տրանսպորտային կարողությունների ընդլայնումն ու զարգացումը: Այդ համատեքստում նախագահներն ընդգծեցին Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի շրջանակներում Հայաստանի և Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային և տարանցիկ ուղիների օգտագործման անհրաժեշտությունը»:

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել