Հայկական ընկերությունը Բելառուսում աջակցում է բելառուսերենի զարգացմանը

Հայկական «Մենյու» ընկերությունը Բելառուսում աջակցում է բելառուսերեն լեզվի զարգացմանը։

Բելառուսում Samsung ընկերության հայտարարած ՏՏ ոլորտի ընկերությունների մրցույթում սննդի առաքման բիզնեսում մասնագիտացած հայկական «Մենյու» ընկերությունը շահել է 3-րդ տեղը։ 1-ին տեղի համար ակնկալվում էր դրամական մրցանակ։ Ընկերությունը՝ Menu.by բրենդը, որոշել էր, որ մրցանակը ստանալու դեպքում ամբողջ գումարը նվիրբերելու է բելառուսերեն լեզվի կենտրոնին՝ Мова Нанова-ին։

Չստանալով 1-ին տեղի մրցանակը՝ «Մենյու» ընկերությունը այնուամենայնիվ որոշել է աջակցել բելառուսերեն լեզվին և մրցանակի համար նախատեսված գումարի չափ՝ 6000 ռուբլի, նվիրաբերել է Мова Нанова-ին։

Թեմային անդրադարձել է բելառուսական Хартыя’97 առցանց թերթը, հոդվածի վերջում հայերեն տառերով գրելով՝ «Շնորհակալություն»։

Թերթը մեջբերում է «Մենյու»-ի հիմնադիր Վահան Քերոբյանի գրառումը Ֆեյսբուքում․

«Հայերի մասին բոլորն ասում են, որ մենք համեստ ժողովուրդ ենք, որն օրուգիշեր աշխատում է, և որը վերջին 3000 տարվա ընթացքում շատ զրկանքներ է ունեցել, բայց որը իր հավատի ու լեզվի շնորհիվ կարողացել է վերապրել ու պահպանել իր ինքնությունը»։

ՍիվիլՆեթի հետ զրույցում Վահան Քերոբյանն ասաց, որ անցյալ տարի, երբ գործունեությունը սկսում էին Բելառուսում, սկզբունքային որոշում էին ընդունել՝ Menu.by կայքը պետք է ունենա նաև բելառուսերեն բաժին։

«Ինձ համոզում էին, որ դա ավելորդ ծախս է, որ Բելառուսում ռուսերենը լիովին բավարար է բիզնեսի համար, որ այստեղ բելառուսական շատ կայքեր նույնիսկ չունեն բելառուսերեն բաժին։ Ինձ համար սկզբունքային էր՝ մենք պետք է հարգենք այս ժողովրդի լեզուն ու ավանդույթները, որի առօրյայի մասն ենք պատրստվում դառնալ»,- ասաց Քերոբյանը։

Հայաստանում հիմնադրված «Մենյու» ընկերությունը Բելառուսից բացի՝ գործունեություն է ծավալում Վրաստանում և ծրագրեր ունի ընդլայնվելու այլ երկրներում ևս։

Մեկնաբանել