Վարչապետ․կառավարման համակարգից մոտ 3000 մարդ է կրճատվել

Վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակումից չորս ամիս անց մամուլի ասուլիս էր հրավիրել։

Նա ներկայացրեց տարբեր ոլորտներում արձանագրված խնդիրները, մասնավորապես նշելով, թե ինչ խնդիրներ կան պետական կառավարման մեջ և որոնք են փոփոխման ենթակա այս տարի։ Դրա մեջ մտնում է ոչ բալանսավորված պարտավորությունները և պարտականությունները, դեմոկրատացված համակարգերը, առողջապահության համակարգը, արդարադատության, արտահանման և ներդրումային, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։

Վարչապետը հակիրճ ներկայացրեց իր 100 օրվա պաշտոնավարման աշխատանքները․

«100 օրվա ընթացքում պետական կառավարման համակարգից մոտավորապես 3000 մարդ է կրճատվել։ Պետական կառավարման համակարգում բազմաթիվ խնդիրներ ունենք և այդ խնդիրների վերջնական լուծումը պիտի լինի այնպես, որ պետական համակարգում աշխատողի վարձատրությունը կախված լինի արդյունքից»։

«Լուծում վերջնական չունենք պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացման հետ կապված: Հիմնական լուծումն այն է, որ տնտեսությունը պետք զարգանա, շահույթները մեծանան, և մենք պետք է գանք նրան, որ պետական կառավարման համակարգում այնպիսի պայմաններ ստեղծենք, որ լավագույն մասնագետներին վարձենք»։

էլեկտրաէներգիայի և գազի սակագնի նվազման մասին․

«Շատ է խոսվել, որ էլեկտրաէներգիայի սակագնի նվազումը շատ չնչին է, կարելի է և այդպես մեկնաբանել, կարելի է և ոչ։ Սոցիալապես անապահով խավի համար մոտավորապես 15 տոկոսի նվազեցում կա ցերեկը, իսկ գիշերը գրեթե 20 տոկոս։ Գազի մասով՝ սոցիալապես անապահով խավի համար ունենք 146,7 դրամից 100 դրամի իջեցում»։

2018-ին վարչապետ լինելու մասին․

«2018-ին կլինեմ ես վարչապետ, չեմ լինի, ամենաշատ հուզող հարցը դա՞ է»։

Լրագրողներից մեկը պատասխանեց «այո»

«Վստահություն կա, եթե հնարավորություն չեմ ունենա ուրեմն չեմ լինի, տրամադրված եմ էֆֆեկտիվ աշխատել՝ այո, եթե էֆֆեկտիվ աշխատեմ, ինչ կապ ունեն ապրիլի ընտրությունները»։

Ռուսաստանի Դաշնության հետ կապերի մասին․

«Տնտեսական կապերն օգնում են հարաբերություններ հաստատելուն և ՌԴ-ի հետ կան ծրագրեր, որոնք հետագայում մանրամասն կներկայացվեն»:

Փոփոխությունների ծրագիր․

«Խնդրում եմ հասկանալ, որ տնտեսության այս մեծ համակարգը մի օրվա մեջ փոփոխելու հնարավորություն չկա, և մեր խնդիրն է ամենօրյա աշխատանքում ազդակները ներկայացնել, որ քաղաքացիները դա զգան: Մենք ասել ենք, որ բաց ենք և համոզված եմ, որ գնում ենք ճիշտ ուղղությամբ»։

Մամուլի հրապարակումն արդեն իսկ դիմում հանդիսանալու մասին․

«Պատկերացնո՞ւմ եք, որ եթե ոստիկանությունը բոլոր հրապարակումներին արձագանքեր, ի՞նչ ապարատ պետք է պահեր: Ես այնքան եմ կարդացել իմ եկամուտների մասին, ո՞նց եք պատկերացնում՝ ամեն գրածով բոլորին կանչեն, ասեն՝ ապացուցի՞, ո՞ւր կհասնի: Այլ հարազատներ, ընկեր, ընկերուհիներ ջան, դուք էլ կողմնորոշվեք՝ որն է ավելի կարևոր: Ես չգիտեմ՝ խոչընդոտե՞լ են, թե ոչ, չգիտեմ՝ խոչընդոտվողը դիմում տվե՞լ է, թե ոչ։ Ի՞նչ եք առաջարկում՝ բոլորի հետից վազեմ, ասեմ՝ դիմո՞ւմ տուր»։

Խաղաղության դիմաց տարածքների զիջման մասին․

«Ես վստահ եմ, որ մենք ունենք տարբերակ, երբ մեր ինքնասիրությունը, մեր անվտանգությունը, մեր հաղթանակը մենք կարող ենք պաշտպանել, պահել համապատասխան տրամաբանական բանակցությունների արդյունքում։

Նայած՝ ինչն ենք փոխզիջում: Եկեք՝ երբ գա պահը…փոխզիջումը ոչ միայն տարածքն է, փոխզիջումը կարգավիճակ է, փոխզիջումը տարբեր բաներ են: Ես չեմ կարծում, որ որևիցե մեկը Հայաստանի Հանրապետությունում որոշում կայացնող լինի ու իր վրա այդ պատասխանատվությունը լինի, կկայացնի մի որոշում, որի հետ մեր ազգը, մեր քաղաքացիները համաձայն չեն լինի: Դա այնպիսի մեծ պատասխանատվություն է, որ ես չեմ տեսնում այդ մարդուն, որ նա կարող է իր նորմերը խախտի ու գնա նման բան որոշի: Այդ իսկ պատճառով չեմ կարծում, որ մենք այդ հարցում շատ անհանգստանալու խնդիր ունենք»:

Տնտեսական աճի մասին․

«Ես շատ եմ ուզում, որ մեր միջև հարաբերությունները և խոսակցությունները գնան առարկայական, եթե մարդ սխալվել է, պետք է պատասխանատու լինի, սակայն շատ դեպքերում լրագրողները հարցնում են՝ ո՞ւմ եք պատժելու, ո՞ւմ եք նստացնելու, սա՞ է ձեր գլխավոր խնդիրը: Բյուջեն չի ապահովել բազմաթիվ պատճառներով. մենք կգնահատենք այդ պատճառները, որն է մակրոտնտեսական ցուցանիշները, որն է վիճակագրական խնդիրները, որն է սխալ կառավարչական որոշումները և, ըստ դրա, որոշումներ կկայացնենք, բայց մեր և ձեր խնդիրն է այնպես անել, որ այն, ինչ խանգարում է էֆեկտիվ կառավարմանը, վերացնենք, մենք հո իրավապահ չե՞նք, եկեք սաղին նստացնենք, լավ ա՞ լինելու»:

Օլիգարխների հետ շփվելու մասին․

«Օլիգարխների հետ ես զգում եմ ինձ շատ հանգիստ, ապահով: Ես չգիտեմ այդ բառի տակ ինչ եք դնում, ապահով: Կարո՞ղ եմ զանգահարել և, այ սենց, կտրուկ ասել՝ շաքարի գնին ձեռք չտաք…»:

Հյուսիս-հարավ ճանապարհի մասին.

«Հյուսիս-հարավ ճանապարհը մեզ համար շատ կարևոր է, եթե կառուցումը սկսել ենք, պետք է շարունակենք: Սակայն դա մեր արտաքին պարտքի բեռի ավելացման հաշվին անելը լավագույն տարբերակ չէ»:

100 օրվա գործունեությանը վերաբերող փաստաթղթին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեկնաբանել