Այսօր Հայաստանում Բելառուսի դեսպանատան մոտ անցկացվել է ակցիա՝ ի նշան Բելառուսում հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման դեմ բողոքի։ Ակցիայի կազմակերպիչ՝ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդները մտադիր էին նամակ փոխանցել Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին, սակայն դեսպանությունից նրանց ընդառաջ ոչ ոք դուրս չի եկել։
Ինչպես հաղորդում է yerkir.am-ը, ցուցարարները կոչ են արել Բելառուսին տուրք չտալ Ադրբեջանի քաղաքականությանը և խոստացել են հետևել քաղաքական զարգացումներին և Բելառուսի քաղաքականության շարունակությանը` արդյոք Լապշինին կարտահանձնե՞ն Ադրբեջանին, թե՞ ոչ: Ցուցարարները վանկարկում էին «Ամոթ», «Позор» և այլ կոչեր։
Դեսպանությունը չի մեկնաբանում
Բողոքի ակցիայի վերաբերյալ Բելառուսի դեսպանության դիրքորոշման մասին ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան՝ դիվանագիտական ներկայացուցչությունից ասացին, որ որևէ մեկնաբանություն չունեն։ Հարցին, թե արդյոք դեսպանը ստացե՞լ է նամակը, դեսպանությունից կրկնեցին, որ որևէ կերպ չեն մեկնաբանում։
Իսրայելցի ճանապարհորդ, բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր Բելառուսում դեկտեմբերի 14-ի երեկոյան՝ Ադրբեջանի նախագահին ու իշխանություններին քննադատելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։ Ըստ իսրայելական Haaretz-ի՝ Լապշինը ձերբակալվել է Ադրբեջանի կառավարության խնդրանքով։ Հայտնի է, որ ներկայում Բելառուսի Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Ադրբեջանից ստացված փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Լապշինին Բաքվին արտահանձնելու համար։
Բլոգերի ֆեյսբուքյան էջը վարող նրա կինը պարբերաբար արվող գրառումներում տեղեկացնում է, որ Լապշինի դեմ Բելառուսի Հանրապետությունում որևէ քրեական գործ հարուցված չէ, և բելառուսական իշխանությունների գործողություններն ապօրինի են։ Բացի այդ, բլոգերին ենթարկում են ճնշումների՝ ստիպելով համաձայնել արտահանձնմանը։
Լապշինին Ադրբեջանի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա Ադրբեջանին արտահանձնելն անթույլատրելի է․ Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ
Օրերս հայտնի է դարձել, որ Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Ալեքսանդր Լապշինի ձերբակալության և նրա` Ադրբեջանին հնարավոր արտահանձնման հարցով բաց նամակ է հղել Բելառուսի փաստաբանների հանրապետական կոլեգիայի նախագահ Վիկտոր Չայչիցին և Ռուսաստանի փաստաբանների դաշնային պալատի նախագահ Յուրի Պիլիպենկոյին:
«Նկատի առնելով Բելառուսի փաստաբանների հանրապետական կոլեգիայի և Ռուսաստանի փաստաբանների դաշնային պալատի օրենքի գերակայության սկզբունքն ապահովելու պատրաստակամությունը՝ ձեզ իրազեկում ենք Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող բլոգեր-ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման փորձերի աղաղակող փաստերի մասին»,- գրել է Արա Զոհրաբյանը:
«Հաշվի առնելով հայ փաստաբանների պրոֆեսիոնալ կարծիքը` Հայաստանի փաստաբանների պալատը կարծում է, որ Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա Ադրբեջանին արտահանձնելն անթույլատրելի է, քանի որ նման գործողությունները հակասում են տվյալ ոլորտը կարգավորող միջազգային և ազգային-իրավական ակտերին»,- ասված է նամակի տեքստում։
Ինչ վերաբերում է Իսրայելին, որի քաղաքացի է Լապշինը [ինչպես նաև Ռուսաստանի – ՍիվիլՆեթ], այն հայտարարել է, որ Մոսկվայի հետ փոխգործակցության հույս ունի։
«Մեզ համար նա Իսրայելի քաղաքացի է, և մենք ցանկանում ենք պաշտպանել նրան։ Իսրայելի համար կարևոր է, որ հյուպատոսը իսրայելցուն տեսակցելու հնարավորություն ունենա։ Իհարկե, մենք փոխգործակցելու ենք Ռուսաստանի հետ այդ խնդրի լուծման հարցում և հուսով ենք, որ այդ պատմությունը դրական հանգուցալուծում կունենա»,- «Ինտերֆաքս» գործակալությանն ասել է Իսրայելի գլխավոր դատախազ և կառավարության իրավաբանական խորհրդատու Ավիխայ Մանդելբլիթը։
Կարդացեք նաև՝ «Ադրբեջանը փորձում է մարդու իրավունքների իր «չափանիշները» տարածել երկրի սահմաններից դուրս»։
Լուսանկարը՝ Yerkir.am-ի
Ստելլա Մեհրաբեկյան