Ռուսաստանը դեմ է Բելառուսում ազատազրկված բլոգերի արտահանձնմանը երրորդ երկիր

Մոսկվան փորձելու է լուծել Բելառուսում ազատազրկված բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցը․ այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ Ռուսաստանը դեմ է լրագրողների կամ այլ անձանց՝ տարբեր տարածաշրջաններում այս կամ այն տարածքներ այցելությունների քրեականացմանը։ Բացի այդ, Ռուսաստանը դեմ է, որ այս կամ այն պետությունում ազատազրկված ռուսաստանցիները արտահանձնվեն երրորդ երկրներ։

«Մենք ունեցել ենք հյուպատոսական շփում պարոն Լապշինի հետ։ Գիտենք, որ նա նաև Իսրայելի քաղաքացի է։ Ելնում ենք նրանից, որ գործադրելու ենք բոլոր միջոցները՝ այդ իրավիճակը կարգավորելու համար՝ ՌԴ քաղաքացու իրավունքների լիակատար հարգմամբ, որը միևնույն ժամանակ Իսրայելի քաղաքացի է»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանն ու Բելառուսը միավորված են Դաշնային պետությամբ, որի շրջանակում երկու երկրների իրավունքները առանց բացառության բոլոր ոլորտներում հավասարեցված են։

Լավրովի խոսքով՝ դա, ի թիվս այլ բաների, պահանջում է անցանկալի անձանց միասնական ցուցակների կազմում, ինչպես նաև միասնական քաղաքականություն արտահանձնման ոլորտում։

ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչները բլոգերի ազատազրկման հարցով աշխատում են իսրայելցի գործընկերների հետ համատեղ։

Ավելին՝ Բելառուսի դեսպանությունը չի մեկնաբանում Լապշինի հարցով անցկացված բողոքի ակցիան։

Մեկնաբանել