Ռուսաստանը ԼՂ հարցի շուտափույթ լուծման համար ավելի մեծ ջանքեր պետք է գործադրի․ Մամեդյարովի պատասխանը Լավրովին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը APA գործակալությանը տված հարցազրույցում մեկնաբանել է ՌԴ իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի՝ այսօրվա մամուլի ասուլիսին արած մի շարք հայտարարություններ, որոնք վերաբերում են ղարաբաղյան հիմնահարցին [Լավրովն ասել է, որ հարցը բացառապես Ադրբեջանի ներքին գործերին վերաբերող թեմա չէ – ՍիվիլՆեթ] և Բելառուսում Ադրբեջանի դիմումի հիման վրա ազատազրկված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջանին արտահանձնմանը։

Մամեդյարովը հերթական անգամ պնդել է, որ «ամբողջ համաշխարհային հանրությունն է ճանաչում և սատարում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»։ Նա հիշեցրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը՝ ասելով, թե Ադրբեջանի «օկուպացված տարածքներից հայկական ուժերի դուրսբերումը ոչ թե կոչ է, այլ ՄԱԿ-ի ԱԽ-ի պահանջ»։

Ինչ վերաբերում է Լավրովի հիշատակած՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, Մամեդյարովը վկայակոչել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե իրենց երկրի «տարածքային ամբողջականության հարցում փոխզիջում չի կարող լինել, սակայն հնարավոր է փոխզիջում Լեռնային Ղարաբաղի ինքնավարության հարցում»։

Ապրիլյան պատերազմի ժամանակ հրադադար հաստատելու հարցում Ռուսաստանի դերի վերաբերյալ Լավրովի հայտարարությունը մեկնաբանելով՝ Մամեդյարովն ասել է, որ Բաքուն «բարձր է գնահատում Մոսկվայի ջանքերը», սակայն ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ «Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր և հարևան պետություն, պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի հակամարտության շուտափույթ կարգավորման համար»։

«Միանգամայն համոզված եմ, որ եթե Ռուսաստանը հարցով զբաղվի ամենայն լրջությամբ, ստատուս քվոն կփոխվի, տարածաշրջանում կվերականգնվի կայունությունը և կապահովվի Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը»,- ասել է Մամեդյարովը։

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցը, որի մասին այսօր խոսել է Լավրովը, ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարի, «դիտարկվում է իրավական հարթության մեջ»։ Նա, Մամեդյարովի պնդմամբ, «ապօրինաբար հատել էր Ադրբեջանի պետական սահմանը», և վերջինիս արտահանձնման նպատակով Բելառուսին ներկայացվել են բոլոր համապատասխան փաստաթղթերը։

Մեկնաբանել