2015-ին աշխարհում 62 մարդ եղել է նույնքան հարուստ, որքան մարդկության 3,6 մլրդ անապահով կեսը․ «Օքսֆամ»

2015-ին աշխարհում ընդամենը 62 անհատ է ունեցել այնքան հարստություն, որքան մարդկության անապահով կեսը՝ 3,6 մլրդ մարդ։ 2010-ից այս 62 անձանց հարստությունն աճել է 45%-ով, ինչը մոտավորապես կես տրլն դոլար է։ Մինչդեռ մարդկության աղքատ կեսի հարստությունը նվազել է ավելի քան մեկ տրլն-ով․ այսպիսի տվյալներ է բերում «Օքսֆամ» միջազգային բարեգործական կազմակերպության հետազոտությունը՝ «Տնտեսություն 1%-ի համար» խորագրով։

«Օքսֆամը» հիմնվել է Credit Suisse ֆինանսական ընկերության՝ վերջերս հրապարակած տվյալների վրա, ըստ որոնց՝ աշխարհի ամենահարուստ 1%-ը ավելի շատ հարստություն է կուտակել, քան աշխարհի մնացած բնակչությունը՝ միասին վերցված։

«Օքսֆամի» հետազոտության մեջ շեշտվում է, որ հետագա սերունդների և առհասարակ ամբողջ մարդկության համար զարգացում ապահովող տնտեսության փոխարեն այսօր ստեղծվել է տնտեսություն այդ 1%-ի համար։

Այս անհավասարության պատճառներից մեկը, ինչպես նշվում է, հարկերից խուսափումն է, որը ստվերային տնտեսության հետ մեկտեղ հարուստների և իշխանությունների համար աշխատող տնտեսական համակարգի հզոր օրինակ է։

Հենց հարուստ անհատներն ու ընկերությունները, որոնք պետք է վճարեն բարձր հարկեր, կարող են իրենց թույլ տալ այնպիսի համակարգեր, որոնց շնորհիվ խուսափում են հարկերից։ Կառավարություններն էլ իրենց հերթին հարկային արտոնություններ են տրամադրում հարուստ վերնախավերին և նրանց հետ փոխկապված կազմակերպություններին՝ իբրև թե տնտեսության աճը խթանելու նպատակով։

Հարկերը մնում են չհավաքագրված, ինչն իր հերթին նվազեցնում է չափազանց կարևոր հանրային ծառայությունների տրամադրման ծավալը։ Արդյունքում կառավարությունները ավելի շատ են հիմնվում անուղղակի հարկատեսակների, օրինակ՝ ավելացված արժեքի հարկի վրա, որն էլ հիմնականում ընկնում է աղքատ բնակչության ուսերին։

Ընդհանրապես, հարկերից խուսափումն ու ստվերային տնտեսությունը մի խնդիր է, որը գնալով ավելի է մեծանում։ Օքսֆամը ուսումնասիրել է մոտ 200 ընկերություններ և պարզել ՝ 10-ից 9-ը ներկա են հարկերից թեթևացված կամ ազատված տարածքներից մեկում։ Ի դեպ 2014-ին 2001-ի համեմատ այս տարածքներում ներդրումները գրեթե քառակի աճել են։

Այսպես օրինակ՝ Աֆրիկայի հարստության ⅓-ը՝ մոտ 500 մլրդ դոլար, պահվում է օֆշորային տարածքներում։ Ըստ գնահատականների՝ սա տարեկան մոտ 14 մլրդ դոլարով նվազեցնում է Աֆրիկայի հարկային եկամուտները, որը բավական մեծ գումար է․ այն կարող է փրկել 4 մլն երեխայի կյանք և աշխատանքի ընդունել այնքան ուսուցիչների, որ բավարար կլինի Աֆրիկայի յուրաքանչյուր երեխային դպրոց ուղարկելու համար։

Անհավասարության պատճառներից է նաև այն, որ ազգային եկամուտները ճիշտ չեն բաշխվում։ Հասարակ աշխատողները գնալով ավելի ու ավելի քիչ են շահում տնտեսական աճից, փոխարենը կապիտալի սեփականատերերը ավելի մեծ աճ են գրանցում։ Ինչպես նաև մեծանում է միջին աշխատողի և նրա ղեկավարի աշխատավարձերի տարբերությունը։

Եզրափակելով զեկույցը՝ «Օքսֆամը» կոչ է անում երկրների ղեկավարներին գործել, պայքարել անհավասարության դեմ և ցույց տալ, որ իրենք մեծամասնության կողքին են։ Կազմակերպությունը հայտարարում է, որ 1%-ի տնտեսությանը վերջ դնելու համար բազմաթիվ քայլեր կարելի է ձեռնարկել և ստեղծել նոր տնտեսություն մարդկության համար։

Մեկնաբանել