Միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը մեր սկզբունքային դիրքորոշումն է․ Տիգրան Բալայան

Միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը մեր սկզբունքային դիրքորոշումն է, ինչը բազմիցս արտահայտել ենք․ «Արմենպրես»-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանել ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարությունն այդ մեխանիզմի ստեղծման մասին։

«Մենք ևս կարծում ենք, որ այն լավագույն միջոցն է՝ խուսափելու միջադեպերի հետևանքով անտեղի զոհերից»,- ասել է ԱԳՆ խոսնակը։

Երեկ ամփոփիչ մեծ մամուլի ասուլիսի ժամանակ արդբեջանցի լրագրողի հարցին ի պատասխան՝ Սերգեյ Լավրովը խոսել է ղարաբաղյան կարգավորումից, որի համատեքստում անդրադարձել նաև շփման գծում զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման անհրաժեշտությանը։

«Ցավոք, անգամ նման տարրական բանը, որն անհրաժեշտ է դրա համար՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմը և շփման գծում դիտորդների ավելացումը, չի կարող կյանքի կոչվել, քանի որ ԵԱՀԿ-ում հարցի շուրջ կոնսենսուս չկա»,- փաստել է Լավրովը՝ խորհուրդ տալով այդ կոնսենսուսի բացակայության պատճառների մասին հարցնել ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին։ Բացի այդ, նա հորդորել է ադրբեջանցի լրագրողին դիմել արխիվներին և տեսնել, թե ինչպես և ում կողմից է պահպանվել կամ խախտվել հրադադարի ռեժիմը։

Լավրովի հայտարարություններին անմիջապես հետևել է պաշտոնական Բաքվի արձագանքը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ապրիլյան դեպքերը ցույց տվեցին՝ «Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր և հարևան պետություն, պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի հակամարտության շուտափույթ կարգավորման համար»։

APA գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում, այդուհանդերձ, ոչ մի խոսք չկա միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման և դրա վերաբերյալ Լավրովի հայտարարության մասին։

Թեկուզ վաղը, թեկուզ այսօր երեկոյան պատրաստ ենք ստորագրել մեխանիզմի ստեղծման համաձայնագիր․ Սերժ Սարգսյան

Սանկտ Պետերբուրգի 2015թ․ հունիսյան հանդիպմանը միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման շուրջ պայմանավորվածության մասին անցյալ տարեվերջին Russia Today գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում հայտարարել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ամեն անգամ ադրբեջանական կողմն ասում է, որ հրադադարը խախտում են հենց հայկական կողմերը։ Մենք ասում ենք՝ եթե այդպես է, եկեք հետաքննության մեխանիզմ ստեղծենք, այդ դեպքում ամբողջ աշխարհին հայտնի կլինի, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը։

[…]

Մենք ցանկանում ենք և պատրաստ ենք թեկուզ վաղը, թեկուզ այսօր երեկոյան ստորագրել հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին համաձայնագիր։ Մենք ցանկանում ենք, որ և համանախագահները, և միջազգային հանրությունն իմանան՝ ով է խախտում հրադադարի ռեժիմը»։

Մեկնաբանել