Սաֆարյանի խեղկատակ «դատավարությունն» ավարտվեց սպասված արդյունքով. Հիմնադիր խորհրդարան

Հիմնադիր խորհրդարանը հայտարարություն է տարածել Գևորգ Սաֆարյանի դատավարության արդյունքների մասին:

«Հիմնադիր Խորհրդարանի երիտասարդ անդամ Գևորգ Սաֆարյանի խեղկատակ «դատավարությունն» ավարտվեց սպասված արդյունքով: Սերժ Սարգսյանն ու իշխող գաղութային վարչախումբը երիտասարդ սերնդի պայքարի խորհրդանիշ դարձած Գևորգին, նրա այդպիսին իսկ լինելու պատճառով, պատժեցին երկու տարվա բանտարկության վճիռով:

Ինչպես «դատական» ամբողջ գործընթացը, վերջին նիստը ևս հատկանշվեց մի կողմից Գ. Սաֆարյանի ու նրա պաշտպանի փայլուն իրավագիտությամբ ու հիմնավորումներով ու մյուս կողմից վարչախմբի ներկայացուցիչների իրավական ու բարոյական անփառունակությամբ:

Տխրահռչակ «Մացոյի» (Մնացական Մարտիրոսյան) գլխավորած «դատարանը» հերթական անգամ ապացուցեց, որ Հայաստանում դատական համակարգի անվան տակ հանդես եկող կառույցը ոչ մի աղերս չունի օրենք և իրավունք հասկացությունների հետ, ընդհակառակը, որ դա իրենից այլ բան չի ներկայացնում, քան այդ հասկացությունների բացասում և ամբողջական ենթակայություն Սերժ Սարգսյանի ու նրա ղեկավարած համակարգի կամքին և քմահաճույքներին:

Ինչպես Գևորգ Սաֆարյանի նկատմամբ 2014թ իրականացված մահափորձն ու տարաբնույթ այլ հալածանքները, քաղաքական այս պատիժը ևս հետապնդում է այլ երիտասարդների և ընդհանրապես պայքարող հայ մարդկանց և Հայաստանի քաղաքացիների սպառնալիքով վախեցնելու նպատակ:

Բայց ինչպես որ Գ. Սաֆարյանը իր հայրենասիրական և քաղաքացիական դիրքորոշումներում եղել և մնում է սկզբունքային ու աննկուն, հայ ժողովուրդն ու Հայաստանի քաղաքացիներն ընդհանրապես և երիտասարդ սերունդը հատկապես հաղթահարել են վախը և ոչ մի պատժիչ քայլ չի կարող նրանց ետ պահել արժանապատիվ հայրենիք և պետություն ունենալու իրենց որոշումն իրականություն դարձնելու կամքից ու վճռակամությունից»,- ասվում է հայտարարության մեջ:

Հունվարի 16-ին տեղի ունեցավ Սաֆարյանի գործով վերջին դատական նիստը և նա դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:

2016թ. հունվարի 1-ին Ազատության հրապարակում ոստիկանների հետ բախումից հետո ձերբակալվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը: Նա մեղադրվում է ոստիկանին հարվածելու մեջ:

Մեկնաբանել