ՀՀ իշխանությունները պատժում և լռեցնում են ակտիվիստներին՝ չճանաչելով ոստիկանների ապօրինի դերը․ HRW

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ, ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի գործին, որը երկուշաբթի օրը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման։ «Հիմնադիր խորհրդարան»-ն իր հայտարարության մեջ Սաֆարյանի դատավարությունը «խեղկատակ» է որակել, որն «ավարտվել է սպասված արդյունքով»։ Հարավային Կովկասում մարդու իրավունքների հարցերով HRW-ի փորձագետ Գիորգի Գոգիան ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ «մինչ Սաֆարյանը բանտում է, ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել միջադեպում իր ունեցած դերակատարության համար»։

«Հայաստանի իշխանությունները շտապում են պատժել և լռեցնել ակտիվիստներին՝ միաժամանակ հրաժարվելով ճանաչել ոստիկանության բացասական, պոտենցիալ ապօրինի դերը խաղաղ բողոքի ակցիաները խանգարելու մեջ»,- գրում է Գոգիան։

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 16-ին տեղի ունեցավ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանի գործով վերջին դատական նիստը։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Սաֆարյանին դատապարտեց 2 տարի ազատազրկման։ Գևորգ Սաֆարյանը մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Սաֆարյանի դեմ ցուցմունք են տվել բացառապես ոստիկանները: Սաֆարյանը կալանքի տակ է 2016թ․ հունվարի 1-ից, և ըստ դատավճռի, պատժի կրման սկիզբը հաշվվում է 2016 թվականի հունվարի 1-ից:

Սաֆարյանը կտրականապես հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները և կալանքը համարում իշխանությունների կողմից իրեն լռեցնելու փորձ։ Ըստ Գոգիայի՝ կալանավորումը, այժմ նաև դատապարտումը, Սաֆարյանին հասարակական կյանքից հեռու պահելու արդյունավետ միջոց է։

Մինչդեռ, պնդում է փորձագետը, ոստիկանության գործողությունների քննությունն ավարտվել է անարդյունք և փակվել։

«Թվում է՝ իշխանություններն ամրապնդում են խաղաղ հավաքների ազատությունն անիրավաչափ կերպով խախտող ոստիկաններին պատասխանատվության չենթարկելու վատ ավանդույթը, ինչը չպետք է անեն։ Ավանդույթները պետք է մնան ամանորյա տոնակատարությունների և այլ տոների համար, իսկ հետաքննությունը ենթադրում է պատասխանատվություն մեղավորների համար, ոչ թե միայս ակտիվիստների»,- եզրափակում է HRW-ի փորձագետը։

Մեկնաբանել