Վրաց իշխանությունները հայտարարում են, որ «Գազպրոմ»-ի հետ գործարքը առևտրային գաղտնիք է

«Գազպրոմ»-ի հետ կնքված համաձայնագիրը առևտրային գաղտնիք է, սակայն հնարավորության դեպքում ես կանեմ հնարավորը այն հանրայնացնելու համար. երեկ մամուլի ասուլիսին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն։

Ինչպես փոխանցում է վրացական Interpressnews-ը, Կալաձեն տեղեկացրել է, որ վերոհիշյալ համաձայնագիրը ձևակերպվել է տարիների ընթացքում, ինչպես Սաակաշվիլիի, այնպես էլ Շեվարդնաձեի օրոք, սակայն երբեք հրապարակային չի եղել։

«Վերջին շրջանում հնչում են ոչ ճիշտ հայտարարություններ, իբր այդ համաձայնագիրը «գաղտնի» պիտակի տակ է։ Ինչ վերաբերում է նախագահին՝ նա ունի այն հնարավորությունը, որը թույլ է տալիս պահանջել այդ համաձայնագրի մանրամասները, նա ունի մատչում և նրան պետք չեն այդ որակազուրկ և անհիմն հայտարարությունները, որոնք մենք, ցավոք, լսում ենք վերջին օրերին։ Ինչ վերաբերում է բուն գաղտնիությանը։ Գիտեք, բոլոր այդ տիպի համաձայնագրերը ցանկացած երկրում առևտրային գաղտնիք են»,- հայտարարել է վրաց նախարարը։ Նրա խոսքով՝ երկիրը մեկ այլ գաղտնի համաձայնագիր է ստորագրել՝ Շահ Դենիզը։

Ռուսաստանյան գազային հսկայի հետ Թբիլիսիի գործարքի դեմ Վրաստանում բողոքի բավական մեծ ալիք կա։ Երեկ Թբիլիսիում՝ կառավարության շենքի մոտ, անցկացվել է «Ո’չ Գազպրոմին» կարգախոսով բողոքի ակցիա, որը կազմակերպել է «Պաշտպանի՛ր ազատությունը» կազմակերպությունը։

«Վրաստանի կառավարությունը համաձայնել է «Գազպրոմ»-ի պահանջին, այսպիսով, այն, ինչ չկարողացավ անել Բիձինա Իվանիշվիլին անցյալ տարի ընդդիմության և քաղաքացիական հատվածի հակազդեցության պատճառով, այս տարի մեզ մատուցվում է որպես կայացած փաստ»,- ասված է պլատֆորմի հայտարարությունում։

«Համաձայնագրի կնքումից հետո, որը նախատեսված է մոտ ժամանակներում, երկիրը գազատարով տարանցված գազի դիմաց վճարը կստանա փողով ամենաանհուսալի գործընկերոջից։ Դա մեզ դնում է ոչ շահեկան դրության մեջ․ նախորդ համաձայնագիրը Վրաստանի համար ավելի շահեկան էր։ Մեր ձայնը կհասցնենք կառավարությանը ու հնարավորություն չենք տա համաձայնելու Վրաստանի համար ոչ ձեռնտու պայմաններին»,- նշում են ակցիայի կազմակերպիչները՝ կոչ անելով մասնակցել բողոքի ակցիային նրանց, ովքեր «չեն ուզում, որ երկիրը լինի կախման մեջ Պուտինից»։

«Գազպրոմ»-ի հետ համաձայնագիրը քննադատել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, իրենց դժգոհությունն են հայտնել Վրաստանի 80 ոչ կառավարական կազմակերպություններ։ Ինչպես փոխանցում է civil.ge կայքը, Մարգվելաշվիլին ասել է, որ նոր պայմանները վատթարացնում են երկրի էներգետիկ սեկտորը և վնաս հասցնում Վրաստանի քաղաքական ու տնտեսական շահերին։ Նա նաև կոչ է արել խորհրդարանին ներկայացնել նոր նախագիծ՝ գործարքի հետ կապված «ռիսկերն ու վտանգները նվազեցնելու վերաբերյալ»։

Հունվարի 11-ին Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն «Գազպրոմ Էքսպորտ»-ի ղեկավարության հետ բանակցությունների երրորդ փուլից հետո հայտարարել էր, որ կառավարությունը «օպտիմալ որոշում» է կայացրել՝ ընդունելով «Գազպրոմ»-ի պայմանները Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան գազի տարանցման վերաբերյալ։

Ըստ համաձայնության՝ երկամյա համաձայնագրի առաջին տարում մասամբ կպահպանվի տարանցման դիմաց գազով վճարումը, իսկ երկրորդ տարում անցում կկատարվի ամբողջությամբ փողով վճարմանը։

Գլխավոր լուսանկարը՝ Վրաստանի հայալեզու aliq.ge կայքի։

Մեկնաբանել