Արցախի Սահմանադրության հանրաքվեն՝ փետրվարի 20-ին

Հաստատվել է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի օրը։ Այն կկայանա փետրվարի 20-ին:

Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:

Համաձայն հրամանագրի, հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի նախաձեռնությանը ԼՂՀ Ազգային ժողովի կողմից տրված համաձայնությունը, Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեն նշանակվել է 2017 թվականի փետրվարի 20-ին:

Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի ԱԺ պատգամավոր, ընդդիմադիր Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում անհանգստություն էր հայտնել Արցախում սպասվող սահմանադրության փոփոխության կապակցությամբ:

Սիվիլնեթի հետ զրույցում Խանումյանը նշել էր, որ այս փոփոխություններով հստակ հնարավորություն է ստեղծվում Բակո Սահակյանի իշխանության վերարտադրության համար:

«2017թ. լրանում է Սահակյանի նախագահության ժամկետը և, ըստ գործող Սահմանադրության, նա այլևս իրավունք չունի թեկնածություն առաջադրել նախագահի պաշտոնի համար: Փոփոխություններով ենթադրվում է նախագահական և խորհրդարանական ընտրությունների փոխկապակցվածություն, որից բխում է, որ հաջորդ ընտրությունները (թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական) տեղի կունենան 2020թ. »,- նշել էր նա:

Նրա խոսքով՝ 2017-2020 թթ. սահմանդրական փոփոխություններով սահմանվում է անցումային ժամանակաշրջան, իսկ անցումային շրջանի նախագահին նշանակելու է Ազգային ժողովը:

«Այդ պաշտոնին հավակնում է Բակո Սահակյանը, քանզի դա չի դիտարկվում առավել քան երկու անգամ անընդմեջ ընտրվելու արգելքի տիրույթում»,- ասել էր նա:

Նա նաև նշել էր, որ Արցախյան հասարակության մեջ այս հարցի շուրջ մեծ անտեղյակություն կա։

Մեկնաբանել