Ինչ ակնկալիքներ ունի ամերիկահայությունը Թրամփից

Հունվարի 20-ին ԱՄՆ-ում իշխանության կգա նոր վարչակազմ: Ինչպիսի անդրադարձ կունենա վարչակազմի փոփոխությունը հայությանը հուզող խնդիրների վրա, մեկնաբանում են ամերիկահայ կազմակերպությունները: «Ամերիկայի ձայն»-ի անդրադարձը։

«Մենք կշարունակենք աշխատանքները նորընտիր Կոնգրեսի, արտաքին հարաբերությունների հանձնաժողովների հետ, ինչպես նաև նորանշանակ պետքարտուղարի ու վարչակազմի հետ արտաքին քաղաքականության խնդիրների շուրջ՝ վստահ լինելու համար, որ մեր ձայնը լսելի է»,- ասում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին։

«Որոշ մոտեցումներ պետք է շարունակվեն, սակայն կան քաղաքական մոտեցումներ, որոնք պետք է փոխվեն: Մենք պատրաստակամ ենք համագործակցելու Թրամփի վարչակազմի հետ այդ խնդիրների շրջանակում»,- ասել է Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նախընտրական շրջանում ամերիկահայ կազմակերպությունները չեն սատարել թեկնածուներից ոչ մեկին՝ կոչ անելով ամերիկահայությանը քվեարկել սեփական նախաձեռնությամբ:

«Մենք չենք աջակցել նախագահի թեկնածուներից ոչ մեկին, քանի որ կարծում ենք, որ նրանցից ոչ մեկը չէր վաստակել մեր աջակցությունը: Սակայն անհատ շատ ամերիկահայեր ակտիվ էին ինչպես Թրամփի, այնպես էլ Քլինթոնի ճամբարում, և մենք պատրաստ ենք աշխատել բոլորի հետ»,- նշել է Արամ Համբարյանը:

«Ամերիկահայ համայնքը բավականին լայն շրջանակ է: Մենք ունենք ամերիկահայ կազմակերպություններ և անհատներ, ովքեր սատարել են Թրամփին և այլ թեկնածուների: Այժմ պետք է բոլորը համախմբվեն՝ մեր ձայնը մայրաքաղաքում լսելի դարձնելու համար»,- ասում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Ամփոփելով հեռացող վարչակազմի գործունեությունն՝ ամերիկահայ կազմակերպությունները համակարծիք են, որ առկա է հիասթափություն հատկապես Հայոց ցեղասպանության հարցում:

«Վերջին ութ տարիների գնահատականը հիմնվում է մի շարք գործընթացների վրա, որոնցից ոմանք նպաստել են հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը: Սակայն հնարավոր չէ չանդրադառնալ Ցեղասպանության ճանաչման իր նախընտրական խոստմանը, որը նա դրժեց՝ իր հայտարարություններում փոխարինելով այն բառարանային այլընտրանքային բառերով»,- ասել է  Բրայան Արդունին:

Արամ Համբարյանի խոսքով՝ «Օբամայի վարչակազմը սկզբում աննախադեպ հուսադրող էր և խոստումնալից, սակայն նրա խոստումները Արցախի, Ցեղասպանության, հայ-ամերիկյան հարաբերությունների մասին մնացին չկատարված»։

Ի՞նչ ակնկալիքներ ունի ամերիկահայությունը նորընտիր նախագահ Թրամփից

«Թրամփի վարչակազմը տարբերվելու է նախորդից և հիմնովին փոխելու է ամերիկյան ավանդական քաղաքականությունը: Մենք հույս ունենք, որ այդ փոփոխությունները դրականորեն կանդրադառնան Ցեղասպանության ու Արցախի ճանաչման խնդիրներին»,- ասել է Արամ Համբարյանը:

«Մենք ցանկանում ենք, որ նոր վարչակազմն ու Կոնգրեսը պատասխանատվության ենթարկեն Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում անմեղ մարդկանց սպանությունների համար, և ակնկալում ենք, որ վարչակազմը ակտիվորեն կներգրավվի զինադադարի խախտումները դադարեցնելու հարցում»,- ասել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Ինչ դիրքորոշումներ կորդեգրի Դոնալդ Թրամփի վարչակազմը Հայաստանին և Սփյուռքին հուզող խնդիրների վերաբերյալ, դեռ վաղաժամ է ասել: Ամերիկահայ կազմակերպությունները կշարունակեն ջանքեր գործադրել՝ հայկական օրակարգը մայրաքաղաք Վաշինգտոնում առաջ տանելու ուղղությամբ և պատրաստ են աշխատել նոր վարչակազմի հետ: