Բրիտանական The Economist հանդեսն իր այս շաբաթվա համարում փորձում է հասկանալ, թե ինչի կհանգեցնի ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությունը։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։
Մեծամասամբ, ինչպես պնդում է բրիտանացի ակադեմիկոս Դեյվիդ Ռանսիմենը, մարդկանց մեծամասնությանը քաղաքականությունը շատ քիչ է հետաքրքրում։ Սակայն երբեմն այդ հետաքրքրությունը աննախադեպ աճում է։ Այդպիսի պահերից է Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ 45-րդ նախագահի պաշտոնամուտը՝ հունվարի 20-ի երդմնակալությամբ։
Զարմանալիորեն, ամերիկացի ընտրողներն ու աշխարհը շատ քիչ բան գիտեն Թրամփի ծրագրերի մասին։ Նրան աջակցողները ակնկալում են Վաշինգտոնում վերջին կես դարի ընթացքում ամենամեծ փոփոխությունները, թեև նրանց լավատեսությունը հիմնված է հավատի վրա։ Թրամփի քննադատները համոզված են, որ նա քաոս ու դարաբեկ ավերածություն կբերի, թեև նրանց հուսահատությունն էլ հիմնված է գուշակությունների վրա։ Բայց գրեթե բոլորը համաձայն են, որ Թրամփը խոստանում է լինել բոլորովին ուրիշ ԱՄՆ նախագահ։ Հարցն այն է՝ ինչպիսի՞։
Դուք կարող եք կարծել՝ դեռ վաղ է այդ մասին ենթադրություններ անել։ Սակայն, նրա քարոզարշավից, հաղթանակին նախորդող ամիսներից և կյանքից արդեն իսկ բավարար տեղեկություններ կան պատկերացում կազմելու՝ ինչպիսին է նա և ինչպես կղեկավարի Ջորջ Վաշինգտոնի կողմից առաջին անգամ զբաղեցրած գրասենյակը։ Եզրակացություններ կարելի է անել նաև Թրամփի հավաքած թիմից, որը ներառում է հարուստ գործարարների, գեներալների և հանրապետական ակտիվիստների։
Մի բան պարզ է՝ Թրամփը փոփոխական է։ Մի օր նա կարող է New York Times-ին ասել, որ կլիմայի փոփոխությունը տեխնածին է, հաջորդ օրը ածխարդյունաբերողներին խոստանալ իր հանքերի վերաշահագործում։
Տնտեսության մասին
Սկսենք լավատեսությամբ։ Նոյեմբերին կայացած ընտրություններից ի վեր S&P500 ցուցանիշը աճել է ռեկորդային 6 տոկոսով։ Հարցումները ցույց են տալիս, որ աճել է բիզնեսի վստահությունը։ Երկուսն էլ հույս են տալիս, որ Թրամփը կկրճատի կորպորատիվ հարկերը, ինչի շնորհիվ օտարերկրյա շահույթը կվերադառնա երկիր։ Դրան կարող է հետևել ներքին ծախսերի աճը, ինչը, զուգորդվելով ենթակառուցվածքային ու ծրագրային ներդրումներով, կխթանի տնտեսությունն ու կնպաստի բարձր աշխատավարձերի ձևավորմանը։
Ճիշտ իրականացված հարկային բարեփոխումներն ու ենթակառուցվածքներում ներդրումային ծրագրերը կբերեն երկարատեւ օգուտներ, բայց դրանց վատ իրականացման դեպքում ուժասպառվելու վտանգ կա, քանի որ կապիտալը կարող է գնալ այն հնարավորությունների հետևից, որոնք առանձնապես չեն նպաստում տնտեսության արդյունավետությանը։
Դա միակ վտանգը չէ։ Եթե գները սկսեն արագորեն աճել, Կենտրոնական բանկը ստիպված կլինի բարձրացնել տոկոսադրույքները։ Դոլարը կթանկանա, և մեծ դոլարային պարտքեր կուտակած երկրները, այդ թվում՝ զարգացող երկրները, պարզապես դրան չեն դիմակայի։ Այսպես թե այնպես, արդյունքում առաջացած ցանկացած անկայունություն հարված կլինի ԱՄՆ-ի համար։
Արտաքին քաղաքականության մասին
Ճիշտ այնպես, ինչպես Թրամփը թերագնահատում է համաշխարհային տնտեսական համակարգի փխրունությունը, այնպես էլ սխալ մոտեցում է ցուցաբերում աշխարհաքաղաքականության հանդեպ։ Դեռ նախագահությունը չստանձնած՝ նա սկսել է վնաս հասցնել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության՝ տասնամյակներով ձևավորված ավանդույթին։ Նախ, անլրջորեն թերագնահատել է Եվրոպական Միության արժեքը, որը նրա նախորդների կողմից կայունության աղբյուր էր համարվում։ Իր ամենամոտ դաշնակիցներից մեկի՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ, վաղեմի հակառակորդ Պուտինի հետ համեմատության մեջ թերադասվել է։ Նա նսեմացրել է Մեքսիկային, որի բարօրութունն ու որի հետ բարիդրացիական հարաբերությունները անմիջական ազդեցություն ունեն ԱՄՆ-ի հարավային նահանգների վրա։ Եվ, ամենայն անխոհեմությամբ, սկսել էվնասել վեր խոյացող գերտերության՝ Չինաստանի հետ զգուշորեն ստեղծված կապերը՝ վտանգի տակ դնելով ԱՄՆ-ի համար ամենակարևոր երկկողմ հարաբերությունները։
Թրամփի քաղաքականության առանցքում այն միտքն է, որ երկրների միջև հարաբերությունները գործարքի են նման։ Նա կարծում է, որ առանձին պետությունների հետ կռվազանությունների միջոցով կարող է հասնել իր ուզածին՝ այդ խնդիրների կարգավորման դիմաց, բնականաբար, գին պահանջելով։ Նա սխալմամբ կարծում է, որ երկրները նման են բիզնեսների։ Ամերիկան չի կարող Չինաստանից բացի մեկ այլ գերտերություն փնտրել՝ զբաղվելու Հարավչինական ծովի խնդրով։ Արդեն արմատացած կասկածները դժվար է արմատախիլ անել, որ այս ամեն ինչը դրա գինը բացահայտելու անվնաս վարժություն էր։ Տասնամյակների ընթացքում ստեղծված դաշինքները կարող են ամիսների ընթացքում քանդվել։
Ինքնիշխան պետություների միջև հարաբերությունները հակված են անարխիայի, քանի որ, ի վերջո, չկա կանոնակարգ պարտադրող համաշխարհային կառավարություն, ինչպես նաև չկա հարկադրանքի այլ միջոց, քան պատերազմը։ Քանի դեռ Թրամփը վնաս է հասցնում ԱՄՆ-ի իսկ ստեղծած և նրա համար շատ շահավետ համաշխարհային կարգին, նա կարող է իր երկիրը տանել սարսափելի գործարքի։
Այդ հեռանկարն այնքան մտահոգիչ է, որ հարց է առաջանում՝ ինչպե՞ս կաշխատի Թրամփի Սպիտակ տունը։ Ծավալվելիք ահռելի պայքարը մի կողմից՝ կուսակցության երկարակյացների, ներառյալ փոխնախագահ Մայք Փենսի, աշխատակազմի ղեկավար Ռեյնս Փրիբուսի, Փոլ Ռայանի ու Միտչ ՄքՔոննելի գլխավորությամբ կոնգրեսական հանրապետականների, մյուս կողմից քարոզիչների, մասնավորապես՝ Սթիվ Բենոնի, Փիթեր Նավառոյի և Մայքլ Ֆլինի միջև, ցույց կտա, թե որքանով հեղափոխական կլինի այս նախագահությունը։
Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի
Շապիկի կոլաժը՝ The Economist-ի