Գևորգ Սաֆարյանի գործը ապացուցեց խղճի բանտարկյալներ ունենալու փաստը. հայտարարություն

Հասարակական մի շարք կազմակերպություններ, այդ թվում «Հայաստանի հելսինկյան կոմիտե իրավապաշտպան» ՀԿ-ն, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը», «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը» հայտարարություն են տարածել  Գևորգ Սաֆարյանի գործովՙ դատարանի վճռի կապակցությամբ:

«Շուրջ մեկ տարի տևած դատավարությունից հետո՝ 2017թ. հունվարի 16-ին, «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ  Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման: Նա և այլ ակտիվիստներ 2015թ. դեկտեմբերի 31-ի գիշերը փորձել էին Երևանի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել, ինչին ոստիկանները կոպտորեն խոչընդոտել էին և չորս հոգու բերման ենթարկել 2016թ.հունվարի 1-ի գիշերը: Նրանց մեջ էր նաև Գևորգ Սաֆարյանը,  սակայն ի տարբերություն մյուս երեք քաղաքացիների, Գևորգ Սաֆարյանին ձերբակալել էին, նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:

Գևորգ Սաֆարյանի գործով դատարանի վճիռը  հերթական անգամ ընդգծեց Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական համակարգի քաղաքականացված լինելու և խղճի բանտարկյալներ ունենալու փաստը: Հաշվի առնելով այն, որ Գևորգ Սաֆարյանը աչքի էր ընկնում անարդարության դեմ իր պայքարով, մշտապես ակտիվ մասնակցություն էր ունենում տարբեր հավաքների և իշխանությունների հասցեին հնչեցնում էր սուր քննադատություններ, կանխատեսելի էր դատավճռի բովանդակային մասը, որը հրապարակվեց դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից, ով  հայտնի է հանրության շրջանում որպես քաղաքական և քաղաքացիական հայացքներ ունեցող անձանց նկատմամբ առավել խիստ պատիժներ նշանակելով:

Տարվա սկզբում կայացված դատավճիռը վկայում է, որ առաջիկա ընտրություններից առաջ իշխանություններն այս կերպ իրենց դիրքորոշումն են ներկայացնում քաղաքացիական ակտիվիստների կողմից երկրում իրական ժողովրդավարության հաստատման փորձերի դեմ:

Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները, Գևորգ Սաֆարյանի նկատմամբ դատավճիռը գնահատում ենք հաշվեհարդար նրա՝ իշխանության հասցեին արված սուր քննադատության համար, Գևորգ Սաֆարյանին համարում ենք խղճի բանտարկյալ և պահանջում նրան անհապաղ ազատ արձակել»:

2016թ. հունվարի 1-ին Ազատության հրապարակում ոստիկանների հետ բախումից հետո ձերբակալվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը։ Նա մեղադրվեց ոստիկանին հարվածելու մեջ և ազատազրկվեց երկու տարով։