Հայկական համարանիշերով Իրան մեքենաների մուտքը դյուրացվել է

Հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաներն այսուհետև կարող են ժամանակավորապես Իրան մուտք գործել՝ նախկին 500 ԱՄՆ դոլարի փոխարեն վճարելով շուրջ 90 ԱՄՆ դոլարի հասնող երաշխիքային գումար:

Հղում անելով իրանական լրատվամիջոցներին՝ Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ավտոմեքենաներն Իրանի տարածքում կարող են գտնվել առավելագույնը երեք ամիս: Հայաստան վերադառնալիս վճարված երաշխիքային գումարը հետ կվերադարձվի ավտոմեքենայի սեփականատիրոջը:

2015թ․ օգոստոսի 11-ին ուժի մեջ էր մտել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» փոխըմբռնման հուշագիրը:

«Փոխըմբռնման հուշագրով Հայաստանի և Իրանի քաղաքացիները միմյանց տարածք մուտք գործելու, տարանցիկ անցնելու և գտնվելու համար ազատվում են մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից՝ 90 (իննսուն) օր չգերազանցող ժամկետով՝ 180 (հարյուր ութսուն) օրվա ընթացքում»,- ասված էր ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Այցագրային ռեժիմի ազատականացման մասին հուշագիրը Հայաստանն ու Իրանը ստորագրել էին նույն տարվա հունիսի 5-ին։

Լուսանկարը՝ Հետք-ից։

Մեկնաբանել