Ինչու է Բելառուսը փորձում լեզու գտնել Եվրոպայի հետ․ The Economist-ի անդրադարձը

Բրիտանական The Economist հանդեսն իր վերջին համարում անդրադարձել է Բելառուս-Ռուսաստան վատթարացող հարաբերությունների խորապատկերում Մինսկի կողմից Եվրոպայի հետ հարաբերությունները լավացնելու փորձերին։ «Ինչո՞ւ է «Եվրոպայի վերջին բռնապետությունը» վերացնում իր երկիր մուտքի արտոնագիրը» վերնագրված հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Այն ժամանակ, երբ Եվրոպայում հանրային տրամադրությունը հակված է ներփակման, մեկ այլ, բոլորովին անսպասելի կողմից գալիս է սահմաններ բացելու մտադրությունը։ Անցյալ շաբաթ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել, որը թույլ կտա Եվրոպական Միության, ԱՄՆ-ի և 51 այլ երկրների քաղաքացիների առանց վիզայի մուտք գործել երկիր։ Այդ քաղաքականությունը, սակայն, սահմանափակումներ ունի. այցելուները պետք է երկիր մուտք գործեն միայն Մինսկի օդանավակայանով և կարող են առանց վիզայի Բելառուսում անցկացնել առավելագույնը հինգ օր։ Սակայն Լուկաշենկոյի՝ «Եվրոպայի վերջին բռնապետ» հորջորջված մարդու համար, ով երկար ժամանակ ղեկավարում է Ռուսաստանի դաշնակից համարվող երկիրը, այս քայլը զգալի տեղաշարժի մասին է վկայում։ Ինչո՞ւ է Բելառուսը հանկարծ բացվում Արևմուտքի համար։

Լուկաշենկոյի՝ մուտքի արտոնագրերի ազատականացմանն ուղղված այս փոքրիկ քայլերը, ըստ էության, այդքան էլ անհիմն չեն։ Նրանք մասն են ԵՄ-Բելառուս աստիճանական, փորձնական մերձեցման մեկ այլ փուլի և Ռուսաստանի մերձավոր հարևանության շրջանակներում լուռ մղվող աշխարհառազմավարական ճակատամարտի վերջին դրվագն են։ Հարաբերական այս ջերմացումը գալիս է Լուկաշենկոյի ցանկությունից՝ նվազեցնել իր անվտանգության կախվածությունը Ռուսաստանից, հատկապես Ուկրաինայում վերջինիս կատարած միջամտությունից հետո։

Լուկաշենկոն, որը երբեք չի փայլել Վլադիմիր Պուտինի հետ անձնական լավ հարաբերություններով, իրեն առավել քան երբևէ խոցելի է զգում իր դյուրագրգիռ հարևանի վտանգի դեմ: ԵՄ-ն, իր հերթին, Բելառուսին դիտարկում է որպես պոտենցիալ դիվանագիտական բուֆեր իր և Ռուսաստանի միջև։ 2015թ. Բելառուսի վարչախումբը ներում շնորհեց ազատազրկված ընդդիմադիր գործիչներին, որից հետո ԵՄ-ն կրկնապատկեց երկրին ցուցաբերվող ֆինանսական օգնությունը։ Այն այժմ խորհրդակցություն է տրամադրում Բելառուսին՝ ինչպես լավագույնս կառավարել իր սահմանները:

Նախկին Խորհրդային երկիրը շահագրգռված է նաև նվազեցնելու Ռուսաստանի ազդեցության լծակներն իր տնտեսության վրա։ Բելառուսն իր եկամուտների մեծ մասը ստանում է Ռուսաստանից էժան նավթ ներկրելով, վերամշակելով ու այն շատ ավելի բարձր գնով իր եվրոպական գնորդներին վաճառելով։ Բայց Ռուսաստանը, էներգակիրների միջազգային գների անկման պայմաններում չանսալով Բելառուսի՝ ավելի լավ պայմանների պահանջներին, նվազեցրել է մատակարարման ծավալները։ Ռուսաստանը հայտարարում է, որ Բելառուսը իրենց 425 մլն դոլար է պարտք և պետք է այն վճարի նախքան մատակարարման ծավալները վերականգնելը։ Բելառուսն իր վրա զգում է դրա հետևանքները. ՀՆԱ-ն անցյալ տարի նվազել է շուրջ 3 տոկոսով՝ 2015 թ. 3.9 տոկոս անկումից հետո։

Եվրոպական կողմում էլ ամեն ինչ պարզ չէ. իր 2015թ. «Էներգետիկ Միություն» ռազմավարությամբ ԵՄ-ն ռուսական գազին չապավինող մատակարարման նոր երթուղիներ է մշակում, այդպիսով Բելառուսի կամ Ուկրաինայի նման տարանցիկ երկրներին զրկելով նրանց եկամտի մի մասից։ Բացելով սահմանը՝ Լուկաշենկոն հուսով է ներդրումներ ներգրավել և Արևմուտքի հետ առևտուր սկսել, ինչպես նաև դրանով դնել դիվերսիֆիկացված տնտեսության հիմքերը։

Արդյոք Բրյուսելը պատասխան քայլեր կկատարի՞․ սա մեծապես կախված է ներքին քաղաքականությունից։ ԵՄ-ից տարիներ պահանջվեցին՝ Վրաստանի և Ուկրաինայի հետ նմանատիպ համաձայնագրի հարցում առաջընթաց քայլերի համար (ընդ որում, Ուկրաինայի հարցը շարունակում է մնալ անորոշ այն բանից հետո, երբ անցյալ տարի հանրաքվեին Նիդեռլանդները մերժեց ավելի լայն ասոցացման փաթեթը): Բայց եթե այդ համաձայնագրերը վերջնական տեսքի բերվեն, և Բելառուսն էլ կատարի մարդու իրավունքների մասով իր պարտավորությունները, Բրյուսելի համար դժվար կլինի հրաժարվելը։

Պաշտոնական մուտքի արտոնագրային համաձայնագիրը անշուշտ կուրախացնի իր քաղաքացիներին: Բելառուսն անցյալ տարի Շենգեն վիզայի դիմումների թվով աշխարհի հինգերորդ խոշորագույն դիմողն էր։ Հետաքրքրություն կա նաև Եվրոպայի կողմից, որի ներդրողները Ռուսաստանի կողմից մեծապես գրավված բելառուսական շուկան դիտարկում են որպես չիրացված ներուժ ունեցող։ Այդուհանդերձ, մնում է տեսնել՝ ինչքան հեռու կգնա մերձեցման այս գործընթացը։ Վախենալով Ռուսաստանի պատասխան քայլերից, Լուկաշենկոն դժվար թե ձեռնարկի կտրուկ քաղաքական բարեփոխումներ, որոնք Արևմուտքի հետ համագործակցության մեծ հնարավորություն կընձեռեն։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել