Լուկաշենկոն «մոռացության մեջ է ընկել», «սադրում է» Մոսկվային, Թել Ավիվին և Երևանին

Հունվարի 20-ին հայտնի է դարձել, որ Մինսկը որոշել է Ադրբեջանին արտահանձնել Բելառուսում ազատազրկված՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։ Ռուսաստանյան «Վզգլյադ» օրաթերթն անդրադարձել է Մոսկվայի արձագանքին։ Թերթի զրուցակիցների խոսքով՝ Լուկաշենկոն «համի է ընկել», և նրա հերթական ժեստը հակառուսական բնույթ է կրում, սակայն նա սադրում է ոչ միայն Ռուսաստանին, այլև Իսրայելին, Հայաստանին և, առհասարակ, ամբողջ միջազգային հանրությանը։

Չնայած ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի անձնական կոչերին՝ Մինսկը որոշել է Ադրբեջանին արտահանձնել հայտնի ճանապարհորդ, ռուսաստանցի Ալեքսանդր Լապշինին, գրում է թերթը։

Ռուսաստանի Դաշնության Դումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի անդամ Կոնստանտին Զատուլինը, որը Լեռնային Ղարաբաղ այցելելու համար նույնպես ներառված է Ադրբեջանի սև ցուցակի մեջ, «Վզգլյադ»-ի հետ զրույցում Մինսկի վարքագիծն անվանել է «սկանդալային» և հիշեցրել, որ Լապշինի արտահանձնման դեմ հանդես են եկել ոչ միայն Ռուսաստանի և Իսրայելի ԱԳՆ-ները, այլև ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը։

«Եթե նրա ամբողջ հանցագործությունը կայանում է նրանում, որ Լեռնային Ղարաբաղ է այցելել, ապա դա աղաղակող դեպք է։ Չեմ տեսնում դրանում հանցակազմ»,- թերթին ասել է պատգամավորը։

Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովը, որը նույնպես ադրբեջանական սև ցուցակում է, կարծում է, որ տեղի ունեցածը «աղաղակող թյուրիմացություն է»։

«Ռուսաստանյան պետության արձագանքը իր քաղաքացու դեմ ապօրինի գործողություններին պետք է, անշուշտ, խիստ լինի»,- ասել է փորձագետը։

«Վզգլյադ»-ը հիշեցնում է, թե ինչպես էր Լուկաշենկոն Բաքվում Հեյդար Ալիևի շքանշան ստանալիս խոստանում «վարձահատույց լինել» և արձանագրում դեկտեմբերից Մինսկի և Մոսկվայի հարաբերություններում աճող լարվածությունը։

Այսպես, Ալեքսանդր Լուկաշենկոն բաց է թողել ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի գագաթաժողովները Պետերբուրգում՝ դրանք զրկելով քվորումից (չի հաջողվել ընտրել ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարին)։ Բացի այդ, Մինսկում, Լապշինից բացի, ազատազրկված են ևս երեք ռուսաստանամետ բլոգերներ։

Լուկաշենկոն, Զատուլինի համոզմամբ, Ռուսաստանին հասցնելով «մանր խայթոցներ», «ընկել է մոռացության մեջ»։ Պատգամավորը կարծում է, որ Բելառուսի նախագահը սադրում է ոչ միայն Ռուսաստանին, այլև Իսրայելին, Հայաստանին և ամբողջ միջազգային հանրությանը, բացի այդ, իրեն անպատասխանատու կերպով է պահում ԵՏՄ-ի և ՀԱՊԿ-ի գործընկերների հանդեպ։ Այդ դեպքում, նկատում է Զատուլինը, Արևմուտքի հետ նույնպես չի հաջողվի բարելավել հարաբերությունները։

Զատուլինը հիշեցրել է 2012թ․ Բուդապեշտի կողմից Բաքվին ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը, որին ոչ միայն չեն պատժել, այլև դարձրել են ազգային հերոս։

«Չեմ բացառում, որ Ադրբեջանում Լապշինին կարող է իրական վտանգ սպառնալ։ Կարծում եմ՝ ՌԴ ԱԳՆ-ն պետք է լրջորեն մտահոգվի իր քաղաքացու ճակատագրով»,- ասել է նա։

Ռուսաստանցի օրենսդիրը Բաքվի վարքագիծը է՛լ ավելի անողջամիտ է համարում Կիպրոսի վերամիավորման շուրջ ընթացող բանակցությունների ֆոնին։ Նա մատնանշում է, որ կղզու հյուրերը կարող են այցելել են ինչպես հունական, այնպես էլ թուրքական հատվածներ, մինչդեռ Ադրբեջանը «լարվածությունը թոթափելու փոխարեն՝ սրում է այն»։

Քաղաքագետ Մարտինովը կարծում է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն կարող է պաշտոնապես հորդորել ավելի վաղ հայկական կողմից Ղարաբաղ այցելած ռուսաստանցիներին չայցելել Բելառուս։

Լապշինի գործի հետևում, Մարտինովի համոզմամբ, կանգնած է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը, որն այնպես է աշխատում, որ ի հեճուկս ժողովրդի և ղեկավարության կամքի (վերջինս Ռուսաստանի հետ մերձեցման հարցում որոշակի դիրքորոշում ունի), թշնամանք հրահրվի ոչ միայն Մոսկվայի և Երևանի, այլև Մոսկվայի և Բաքվի միջև։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել