Ալիևը պնդում է, որ ԼՂ «ապագա կարգավիճակի որոշումը հնարավոր է միայն միասնական Ադրբեջանի կազմում»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի «ապագա կարգավիճակի որոշումը հնարավոր է միայն միասնական Ադրբեջանի կազմում»։

«Հակամարտության կարգավորումը կայանում է դրանում»,- APA գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ալիևը Աբշերոնի շրջանում նոր զինվորական քաղաքի բացմանը։

Ալիևի համոզմամբ՝ Ադրբեջանն այսօր «ուժեղ պետություն է», որը «կառուցել է սեփական անկախ կյանքը», և դա արել է «առանց որևէ մեկի օգնության», «առանց որևէ մեկի փեշը բռնելու»։

Ադրբեջանի նախագահի պնդմամբ՝ այսօր Հայաստանը որպես անկախ պետություն «աշխարհի քարտեզի վրա է զուտ պաշտոնապես», մինչդեռ իրականում «կախյալ պետություն է», որն «ունակ չէ ինքնուրույն որոշել սեփական ապագան»։

Հայաստանի համար նման իրավիճակից ելքը, ըստ ադրբեջանցի ղեկավարի, «հարևանների հետ հարաբերությունների վերականգնումն է» և «օկուպացիայի դադարեցումը»։

2015թ․ հոկտեմբերին ռուսաստանյան «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում Ալիևն ասել էր, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում «հնարավոր է փոխզիջում․ ԼՂ-ն ապագայում, պայմանավորվածության դեպքում, կարող է լինել ինքնավար հանրապետություն»։

«Մենք երբեք չենք համաձայնի Լեռնային Ղարաբաղին անկախություն տրամադրել,- ասել էր Ադրբեջանի նախագահը։- Սակայն կարող է լինել փոխզիջում տեղական ինքնակառավարման հարցերում․ ապագայում, եթե պայմանավորվենք, այն կարող է լինել ինքնավար հանրապետություն»։

Արխիվային լուսանկար։

Մեկնաբանել