Թրամփի երդմնակալության օրը Օբաման 221 մլն դոլար է փոխանցել Պաղեստինին

Հունվարի 20-ին ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության օրը Բարաք Օբամայի հեռացող վարչակազմը, չնայած հանրապետականների հակազդեցությանը, Պաղեստինի ինքնավարությանը փոխանցել է 221 մլն դոլար, հաղորդում է Associated Press-ը։

Պետքարտուղարության պաշտոնյաներից մեկն ասել է, որ հեռացող վարչակազմը իր մտադրության մասին տեղեկացրել է Կոնգրեսին։ Ըստ տեղեկության՝ արդեն նախկին պետքարտուղար Ջոն Քերին մի շարք օրենսդիրների տեղյակ է պահել այդ քայլի մասին։

Պաղեստինին ֆինանսական օգնությունը տրամադրում է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը։ Միջոցները նախատեսված են Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին մարդասիրական օգնության, քաղաքական բարեփոխումների, Պաղեստինի ապագա պետությունը պատշաճ պետական կառավարման նախապատրաստելու համար։

Ի տարբերություն Բարաք Օբամայի, որի հարաբերությունները Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ բավական լարված էին, նոր նախագահ Դոնալդ Թրամփը չի թաքցնում իր աջակցությունն Իսրայելին և Նեթանյահուին հաջորդ ամիս հրավիրել է Վաշինգտոն։ Նրա աջակցությունն Իսրայելին, մասնավորապես, արտացոլվել է անցյալ տարի ՄԱԿ-ի թիվ 2334 հակաիսրայելական բանաձևի ընդունմանը խոչընդոտելու փորձում։

Բացի այդ, հաղորդում է Times of Israel-ը,  Թրամփը խոստացել է Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ, չնայած Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը երեկ հայտարարել է, որ վերջանական որոշում դեռ չի ընդունվել։ Նա ասել է, որ գործընթացը նախնական փուլերում է։ Դեսպանության տեղափոխումը Երուսաղեմ կարող է ուժեղ հարված հասցնել անկախ պաղեստինյան պետության ստեղծմանը՝ Արևելյան Երուսաղեմում մայրաքաղաքով։

Ստելլա Մեհրաբեկյան