Նորվեգիան ցանկանում է լեռ նվիրել Ֆինլանդիային վերջինիս ծննդյան առթիվ։ Նման մտահղացմամբ է հանդես եկել նորվեգացի երկրաֆիզիկոս Բյոռն Գեյր Հարսոնը, որի մասին պատմել է «Պայքար ծննդյան լեռան համար» ֆիլմում։
Բրիտանական Independent-ը նկատում է, որ մինչ Ռուսաստանը զբաղված է բռնակցման միջոցով իր տարածքների ընդարձակմամբ, իսկ նախագահ Թրամփը պատ է կառուցում Ամերիկան պաշտպանելու համար, Նորվեգիան փորձում է նվիրել իր տարածքի մի մասը։
«Սա նորվեգացիների ի սրտե նվերն է ֆիններին, առանց փոխադարձ որևէ ակնկալիքի։ Պարզապես ուզում ենք նրանց մի անմոռանալի նվեր մատուցել անկախության 100-ամյակի տոնակատարությունների առթիվ»,- ասել է գիտնականը։
«Այս միտքն ինձ մոտ ծագել էր դեռ 1972 թ., երբ սահմանային մասում ընդերքի չափումներ էի անում,- նվերի մասին նոր ֆիլմում պատմում է Հարսոնը։- Ես տեսա, որ Ֆինլանդիայի ամենաբարձր կետը մի բլուր է, իսկ Նորվեգիայինը՝ լեռ, ուստի նամակ գրեցի արտաքին գործերի նախարարություն և առաջարկեցի Ֆինլանդիայի ժողովրդին լեռ նվիրել»։
Շեշտվում է, որ նվերի պատճառ կամ անհրաժեշտություն չկա, բայց հենց դրանում էլ կայանում է իմաստը։
Հարսոնի խոսքով՝ ամբողջ աշխարհում երկրները պատերազմում են իրենց տարածքների ընդլայնման համար, իսկ այս դեպքում Նորվեգիան պատրաստ է զիջել մի հատված իր տարածքից։
Քոֆյորդ համայնքի [այնտեղ է գտնվում է լեռը] ղեկավար Սևեն Օդդվար Լեիրոսը լիովին աջակցում է այդ գաղափարին և հուսով է՝ նվերն «օրինակ կծառայի մյուս երկրների համար, որոնք պայքարում են պետական սահմանների համար»:
Սահմանի փոփոխության արդյունքում նորվեգական տարածքը կկրճատվի ընդամենը 31 մետրով, և բնակիչների մեծ մասը կարծես կողմ է գաղափարին։ Մի շարք քաղաքական գործիչներ, այդուհանդերձ, վիճարկում են նման նվերի սահմանադրական հետևանքները։
«Մինչ մենք ականատես ենք սահմանների երկայքնով աճող լարվածություններին՝ Ուկրաինայից ու Ռուսաստանից մինչև Հարավչինական ծով և Թրամփի՝ Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու նկրտումները, այս «Ծննդյան Լեռան» գաղափարը բացառիկ, հիացմունքի արժանի միջազգային ժեստ է»,- նորվեգական The Local առցանց պարբերականին ասել է «Պայքար ծննդյան լեռան համար» ֆիլմի ռեժիսոր Դեյվիդ Ֆրեյդը։
Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի։