Իրանը հայտարարում է, որ պատրաստ է շատ արագ վերականգնել իր միջուկային գործունեությունը

Իրանը ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերյալ որևէ հրատապ հայտարարություն չունի, The Iran Project-ի փոխանցմամբ՝ ասել է Իրանի ԱԳՆ-ի խոսնակ Բահրամ Քասեմին։

Նրա խոսքով՝ «չափազանց վաղ է գնահատել Թրամփին և վերլուծել նրա մեկնաբանությունները, դիրքորոշումը, տեսակետերը»։

Քասեմիի այս հայտարարությունը Թրամփի երդմնակալությունից հետո Թեհրանից հնչած առաջին մեկնաբանությունն է։

Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան 1979թ․ Իսլամական հեղափոխությունից և Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանության գրավումից ի վեր։

Իրանը պատրաստ է վերադառնալ իր միջուկային ծրագրին

Ինչ վերաբերում է 2015թ․ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կնքված Իրան-Վեցյակ շրջանակային համաձայնագրին՝ պաշտոնական Թեհրանը հայտարարում է, որ լիովին կատարում է իր ստանձնած պարտավորությունները։

Al-Jazeera-ին տված հարցազրույցում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ասել է, որ իրավական տեսանկյունից խնդիրներ չկան, սակայն քաղաքական առումով և պատժամիջոցների տեսանկյունից կան հարցեր, քանի որ ԱՄՆ-ը չի կատարում իր խոստումները։

«ԱՄՆ-ը ձևացնում է, որ կատարում է իր խոստումները, իրականում որևէ հատուկ բան չի անում, քանի որ եթե կատարեր, պատժամիջոցները կվերացվեին և բանկային գործարքները կվերականգնվեին, առևտուրը կխթանվեր և տնտեսական հարաբերությունները կընդլայնվեին»,- ասել է պաշտոնյան։

Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կկատարի համաձայնագրի դրույթները, մինչդեռ գործարքի չեղարկման դեպքում Իրանը, ըստ Սալեհիի, կարող է արագ զարկ տալ իր միջուկային ծրագրին։ Պաշտոնյան պնդել է, որ Իրանն ի վիճակի է ոչ միայն շատ արագ վերադառնալ իր միջուկային գործունեությանը, այլև տեխնոլոգիապես հասնել էլ ավելի մեծ դիրքերի։

«Չեմ ցանկանում տեսնել այդ օրը։ Չեմ ցանկանում այդ ուղղությամբ որոշում կայացնել, սակայն մենք պատրաստ ենք»,- եզրափակել է Սալեհին։

Մեկնաբանել