Կարեն Անդրեասյանը համաձայն չէ, որ «Համախմբման» ցուցակը գլխավորի Սեյրան Օհանյանը

ՀՀ մարդու իրավունքների երրորդ պաշտպան, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Կարեն Անդեասյանն իր անհամաձայնությունն է հայտնել կուսակցության կողմից ընտրված դաշինքի կազմին, որի վերաբերյալ գրառում է արել Ֆեյսբուքում։

«Համաձայն չեմ «Համախմբում» կուսակցության կողմից ընտրված դաշինքի կազմին: Առավել ևս՝ ինձ համար անընդունելի է, որ դաշինքը գլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Այո՛, իշխանափոխության համար լայն համախմբում է անհրաժեշտ, որի մեջ կարելի է ներառել նաև նախկինում սխալված կամ մեղքեր գործած միայն այն մարդկանց, ովքեր անկեղծորեն զղջալով՝ անցել են քաղաքական կամ իրավական քավարանով:

Չի կարելի, սակայն, նույնիսկ հանուն բոլորիս երազած իշխանափոխության խառնել կոռումպացված ու չկոռումպացված մարդկանց, աշխարհաքաղաքական հակադիր կողմնորոշումները, արժեքային ծայրահեղ տարբեր բևեռները, քանի որ այդ դեպքում մեծ է պարտության հավանականությունը, ու նաև կա վտանգ, որ հաղթանակի պարագայում դևին սպանողն ինքը դև կդառնա:

Անվերջանալի դատաիրավական կոռուպցիայի, չդադարող թալանի, սոսկալի անարդարությունների, համատարած աղքատության ու արտագաղթի պայմաններում միակ հույսը մնում է հեղափոխական նոր ձևաչափը»,- գրել է Անդրեասյանը:

2015թ․ հունիսի 17-ին «Համախմբում» կուսակցության համագումարին Կարեն Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ որոշում է ընդունել անդամակցել կուսակցությանը:

«Այն թիմը, որն այս կուսակցությունում է, իմ խորին համոզմամբ ունի և ինտելեկտ, ևւ ազնվություն և նպաստելու է մեր երկրում մարդու իրավունքների հետ կապված խնդիրների լուծմանը»,- ասել էր նա:

Մեկնաբանել