Ներքին անձնագրերով այցեր և հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ․ Կարապետյանն ու Մեդվեդևն ամփոփել են հանդիպումը

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և նրա ռուսաստանցի պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևը երեկ հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարությամբ են հանդես եկել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։

«Ցանկանում եմ հայտարարել ուղիղ, առանց ավելորդ դիվանագիտության, մենք շատ գոհ ենք այսօրվա բանակցություններից և այն արդյունքներից ու հանձնարարականներից, որոնք տրվել են համապատասխան կողմերին՝ հետագա համագործակցության առիթով: Մենք Ռուսաստանի կառավարության նախագահի հետ քննարկել ենք կատարված աշխատանքի արդյունքները, արձանագրել ենք հարաբերությունների շատ բարձր մակարդակ, սակայն միաժամանակ կարծում եմ, որ բոլորը համաձայն կլինեն՝ այդ հարաբերությունների զարգացման ներուժը շատ մեծ է: Քննարկել ենք մի շարք ուղղություններ, թե ինչպես պետք է ընթանան ռուս-հայկական հարաբերությունները և կարծում եմ, որ մենք ուղենշեցինք զարգացման ոլորտներն ու կոնկրետ միջոցառումները»,- ասել է Կարեն Կարապետյանը և Մեդվեդևին հրավիրել պաշտոնական այց կատարել Երևան։

ՌԴ կառավարության ղեկավարի խոսքով՝ «հայ ընկերների հետ հանդիպումները, ինչպես միշտ, կառուցողական էին, հագեցած և բարեկամական»: Մեդվեդևը խոսել է փոխադարձ առևտրաշրջանառության, ռուսաստանցիների՝ ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորության, հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ ստեղծելու գաղափարի մասին։

Փոխադարձ առևտրաշրջանառության մասին

Ռուսաստանը Հայաստանի առաջատար արտաքին տնտեսական գործընկերն է: Նրա բաժինն արտաքին առևտրում կազմում է մոտավորապես 25 տոկոս, և չնայած բավական բարդ կոնյուկտուրային, ինչի մասին մենք այսօր խոսում էինք իմ գործընկերոջ հետ, փոխադարձ առևտրաշրջանառության ցուցանիշները լավն են մնում:

Նախորդ տարի այդ թիվն ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար էր, բայց հարցը միայն բացարձակ թվերի մեջ չէ: Բանն այն է, որ չնայած էներգակիրների և առանձին ապրանքների գների իջեցմանը, որոնք մատակարարվում են մեր երկրներից, ապրանքների ընդհանուր թիվը չի նվազում, այլ ավելանում է: Եվս մեկ հանգամանք. նախորդ տարի էականորեն աճել է Հայաստանից սննդամթերքի ներմուծումը, ինչը կապված է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելու հետ և արտացոլում է մեր ընդհանուր նպատակը դեպի ինտեգրում: Խոսելով գյուղատնտեսության մասին, պետք է ասեմ, որ այստեղ կա զարգացման շատ լավ ներուժ՝ ոչ միայն ապրանքների կամ գյուղատնտեսական տեխնիկայի փոխադարձ գնման, այլև համատեղ արտադրությունների կազմակերպման տեսանկյունից: Այժմ կան մի շարք նախագծեր, այդ թվում՝ նաև ջերմոցային տնտեսությունների, պտուղ-բանջարեղենի վերամշակման հետ կապված, որոնք ռուսաստանյան առևտրային ցանցեր են մտնում: Մեր շուկան մեծ է, և կարծում եմ՝ առաջիկայում պետք է կենտրոնանալ նաև այս ուղղությամբ:

Ներդրումային համատեղ հիմնադրամ ստեղծելու մասին

Մենք քննարկել ենք համագործակցության մի շարք այլ ուղղություններ, նաև ներդրումային համագործակցությունը և այդ նպատակով հատուկ հիմնադրամ ստեղծելու գաղափարը: Իմ գործընկերոջ հետ պայմանավորվել ենք համապատասխան գերատեսչություններին հանձնարարական տալ՝ վերլուծելու նման հիմնադրամ ստեղծելու հնարավորությունը, ներդրումային համագործակցության ուղղությունները և ֆինանսավորման աղբյուրները:
Եվրասիական տնտեսական միության շրջանակում մենք այժմ խաղի միասնական կանոններ ունենք: Դրանք հասկանալի են և´ ռուսաստանյան, և´ հայաստանյան բիզնեսին: Մենք կարծում ենք, որ մաքսային և այլ բյուրոկրատական ընթացակարգերն ավելի քիչ կլինեն, այդ պատճառով պետք է առաջ շարժվել մեր շուկաները ավելի բաց դարձնելու համար:

Ներքին անձնագրերով այցելությունների մասին

Իհարկե, շատ կարևոր է նաև հումանիտար ասպեկտը, մեր քաղաքացիների միջև ուղիղ կապերի ընդլայնումը: Այստեղ մեզ մոտ ամեն ինչ կարգին է, բայց, այնուամենայնիվ, մենք պայմանավորվել ենք, և դա ևս ընթացիկ այցի արդյունք է, որ մեր երկրի բնակիչները կարողանան Հայաստան այցելել նաև ներքին քաղաքացիական անձնագրերով, ինչի մասին նույնպես փաստաթուղթ ստորագրվեց: Դա կամրապնդի համագործակցությունն այնպիսի կարևոր ոլորտում, ինչպիսին հումանիտար, մարդկային հարթության վրա համագործակցությունն է:

Մեկնաբանել