Օտարերկրյա ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում արևային կայաններ կառուցելու հնարավորությամբ

30-ից ավելի օտարերկրյա ընկերություն մասնակցում է Երևանում անցկացվող «Էներգետիկայի շաբաթ-2017»-ին և հետաքրքրված են Հայաստանում արևային կայաններ կառուցելու հնարավորությամբ։

«Էներգետիկայի շաբաթ-2017» խորագրի ներքո անցկացվող Արևային էներգետիկայի ներդրումային համաժողովի բացման արարողությանը ներկա է գտնվել նաև Նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նշել է, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում նախատեսվում է զգալիորեն ավելացնել վերականգնվող էներգետիկայի ծավալները՝ կառուցելով արևային, հողմային և երկրաջերմային էլեկտրակայաններ: 

Հունվարի 25-27-ն անցկացվող միջոցառումների շարքը ներառում է նաև եռօրյա ցուցահանդես, որում ներկայացված են տեղական արտադրողներ և ոլորտի մասնագիտացված ընկերություններ:

«Հայաստանը, որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է յուրօրինակ կամուրջ լինել Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև: Այդ հանգամանքը լիովին հնարավորություններ է ստեղծում ներդրումային բազմաթիվ ծրագրեր իրականացնելու համար՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից:»,- նշել է նա:

Սարգսյանն ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում շուրջ 80%-ով նվազել է արևային ֆոտովոլտային կայանների տեխնոլոգիաների արժեքը.

«Նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ այժմ այդ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է ստանալ ֆոտովոլտային կայանների համար մրցունակ սակագին, ինչն իր հերթին թույլ կտա բացառել բացասական ազդեցությունները վերջնական սպառողների համար սահմանված էլեկտրական էներգիայի սակագնի վրա»,- ասել է նա:

Նրա խոսքովՙ այս պայմաններում համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների համար հնարավորություններ են ստեղծվում մասնակցելու Հայաստանում իրականացվող մրցույթներին և կառուցելու մեծ հզորությամբ ֆոտովոլտային կայաններ:

«Էներգետիկայի շաբաթ-2017» համաժողովը միտված է ներկայացնելու Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումները, ոլորտում առկա հիմնախնդիրները, ներդրումային հնարավորությունները, ֆինանսավորման հնարավոր աղբյուրները, տեխնոլոգիական և ինժեներական լուծումները, հեռանկարային ծրագրերը: