Վիրավոր երկու զինծառայողների վիճակը ծայրահեղ ծանր է

Lեռնային Ղարաբաղից Երևանի հոսպիտալ տեղափոխված երկու զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:

«Գիշերը վիրահատել ենք և ստիպված ենք եղել ամպուտացնել նրա ստորին վերջույթը: Հիմա նրա վիճակը կայուն է: Սկզբնական շրջանում փորձել ենք օրգան պահպանող վիրահատություն անել,  սակայն վնասվածքի ծավալը մեծ էր և չի հաջողվել»,- նշեց Խաչատրյան, հավելելով, որ զինծառայողի վիրահատությունն այնպես է արվել, որ հետագայում պրոթեզավորվի:

Նրա խոսքով՝ պայմանագրային զինծառայող Ալեքսեյ Ավանեսյանը վիրավորվել է ստորին վերջույթներից, ծնկի շրջանում ոսկրային դեֆեկտով վիրավորում է ստացել:

«Վիրահատել ենք և ստիպված ենք եղել հեռացնել մեկ ստորին վերջույթը: Վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն կայունություն է նկատվում: Փորձել ենք սկզբնական շրջանում ստորին վերջույթը պահպանել, սակայն վնասվածքը մեծ էր և չի հաջողվել: Նա վիրավորում ստացել էր երեք օր առաջ հակառակորդի կողմից արձակված կրակոցից մարտական հերթապահության ժամանակ»:

Անդրադառնալով Գուրգեն Սարգսյանին, նշեց, որ Պաշտպանության բանակից իրենց մոտ է տեղափոխվել գլխուղեղի շրջանում ստացած վնասվածքով, որը բավական լուրջ վիրավորում է: Երիտասարդին միացված է արհեստական ապարատ:

19-ամյա Գուրգեն Հարությունի Սարգսյանը հրազենային վիրավորումն ստացել էր հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: