Ռուսաստանաբնակ հայ գործարարները կմասնակցեն ՀՀ կառավարության բիզնես ծրագրերին

Ռուսաստանաբնակ երեք տասնյակից ավելի հայազգի գործարարներ հայտարարություն են ընդունել՝ ՀՀ կառավարության բիզնես ծրագրերին մասնակցելու վերաբերյալ։ Հայտարարությունն ընդունվել է ՌԴ-ում պաշտոնական այցով գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման արդյունքում։ Վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության 100-օրյա գործունեության ամփոփումը՝ ընդգծելով, որ թե արտաքին, թե ներքին ներդրողների համար կառավարությունը կապահովի թափանցիկ, հավասար, մրցակցային պայմաններ՝ Հայաստան օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով։ Ռուսաստանի գործարարների և ձեռնարկատերերի հայտարարությունը՝ ստորև․

Մենք, Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքի գործարար շրջանակների ներկայացուցիչներս,

– շահագրգռված լինելով Հայաստանի Հանրապետությունում սոցիալ-տնտեսական դրության բարելավման և մեր պատմական հայրենիքում առաջընթացի ապահովման գործում,

– արտահայտելով մեր ընդհանուր ձգտումը և ցանկությունը՝ միասին ուղղելու մեր եռանդը, գիտելիքները, ռեսուրսները և փորձը Հայաստանում կայուն տնտեսական աճի ապահովմանը՝ արտաքին և ներքին խնդիրներին ու մարտահրավերներին համապատասխան,

– ծանոթանալով ՀՀ կառավարության 100 օրվա գործունեությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տնտեսությունում երկարաժամկետ բարեփոխումներ իրագործելու նրա պլաններին և ծրագրերին․

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ

1. Լիակատար աջակցություն ենք հայտնում Նախագահ Ս.Սարգսյանի և վարչապետ Կ.Կարապետյանի գլխավորությամբ երկրի ղեկավարության կողմից ձեռնարկվող ջանքերին, որոնք ուղղված են Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելուն՝ հենվելով ողջ հայության ներուժի վրա:

2. Կիսում ենք նշյալ բարեփոխումների նպատակներն ու խնդիրները, որոնց արդյունքում Հայաստանը կվերածվի ապահով, արդար, արդիական, բարձր ինտելեկտուալ և դինամիկ զարգացող պետության:

3. Հիմնվելով համայն հայության համերաշխության սկզբունքների և գործընկերության ոգու վրա, մեր պատրաստակամությունն ենք հայտնում ուժերի ներածին չափով մասնակցելու ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին և բիզնես ծրագրերին:

Մեկնաբանել