Հայաստանը «հիբրիդ ռեժիմից» դարձել է «ավտորիտար»․ Economist Intelligence Unit

Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» (Economist Intelligence Unit – EIU) հեղինակավոր հետազոտական և խորհրդատվական ընկերությունը հրապարակել է իր «Ժողովրդավարության Ինդեքս-2016» զեկույցը, ըստ որի Հայաստանը, հետընթաց ապրելով, դասվել է ավտորիտար երկրների շարքում։ Հայաստանի ժողովրդավարական ցուցանիշը հայտնվել է Նիգերիայի, Մավրիտանիայի, Քուվեյթի և Կոտ դ’Իվուարի կողքին։

«Ժողովրդավարության ինդեքսի» առկայության ընթացքում, սկսած 2006-ից, 2016թ․ Հայաստանն ամենացածր միավորն ունի՝ 3.88՝0-10 միջակայքում (0 միավորը բացարձակ ավտորիտար, 10 միավորը՝ լիարժեք ժողովրդավար)։

167 երկրների շարքում այս տարի Հայաստանը, 4 քայլ հետ գնալով 2015-ի հորիզոնականից, դասակարգվել է 120-րդ տեղում (որտեղ առաջին տեղում ամենաժողովրդավարն է)։ Դեռ 2015թ․ EIU-ն Հայաստանը դասակարգում էր որպես «հիբրիդ ռեժիմ», այսինքն՝ ժողովրդավարության և ավտորիտարության միջև գտնվող պետական համակարգ:

Հարևաններից Վրաստանը 78 -րդ հորիզոնականում է․ նրան ընդամենը մեկ հորիզոնական է պետք հաղթահարել, որ «հիբրիդ ռեժիմից» անցում կատարի «որոշ խնդիրներով ժողովրդավարության»։

ԵԱՏՄ անդամ պետություները՝ Բելառուսը, Ռուսաստանը և Ղազախստանը Հայաստանից ավելի վատ վիճակում են՝ զբաղեցնելով համապատասխանաբար 127-րդ, 134-րդ և 139-րդ տեղերը: Ադրբեջանը ավելի հետ է՝ 148-րդ հորիզոնականում։

2016-ի զեկույցում Հայաստանում շատ ցածր են գնահատվել «քաղաքական մշակույթ» (10-ից 1.88 միավոր) և «կառավարության գործունեություն» (2.86 միավոր) ցուցանիշները։ Իսկ համեմատաբար բարձր է (5.88) գնահատվել «քաղաքացիական ազատություններ» ցուցանիշը։

Աշխարհում ամենաժողովրդավար պետությունների շարքը գլխավորում են Նորվեգիան, Իսլանդիան և Շվեդիան։ Իսկ ամենաավտորիտար եկրրներն են Հյուսիսային Կորեան և Սիրիան։

Լուսանկարըՙ Դավիթ Հակոբյանի

Մեկնաբանել