Ալիևը բնակեցնում է Լելե Թեփեի հարակից գյուղը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով Լելե Թեփեի մոտ գտնվող Ջոջուք Մերջանլի գյուղը բնակեցվում է։ Այդ նպատակով Ադրբեջանի կառավարությունը հատկացնում է 4 մլն մանաթ՝ 50 տուն կառուցելու և ենթակառուցվածքներ ստեղծելու նպատակով։

Տեղեկությունը հրապարակած abc.az կայքը նշում է, որ վերադառնալու գաղափարին ոչ բոլոր տեղահանված ադրբեջանցիներն են հավանություն տալիս։

Ադրբեջանի Փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով պետական հանձնաժողովի տվյալներով՝ Ջոջուք Մերջանլիում նախկինում ապրած 400 ընտանիքներից 190-ն է վերադառնալու պատրաստակամություն հայտնել։

Ադրբեջանական կայքը գրում է, որ Ալիևի հրամանը պայմանավորված է նրանով, որ վերոհիշյալ գյուղում անվտանգ կեցությունը հնարավոր է դարձել 2016թ․ ապրիլին ադրբեջանական բանակի «հաջող ռազմական գործողության արդյունքում գյուղի ազատագրման արդյունքում»։

2016թ․ ապրիլյան կորուստները Լելե Թեփեում

Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնը տվյալներ է բերում 2016-ի ապրիլին Արցախյան բանակի` հարավային ուղղությամբ դիրքային և տարածքային կորուստների մասին։

«Հնարավոր չէ 100 տոկոսով ճշգրիտ ներկայացնել, թե որքան է Արցախյան կողմի դիրքային և տարածքային կորուստը հարավային՝ Լելե Թեփեի ուղղությամբ, սակայն ծանոթ լինելով տեղանքին, ուսումնասիրելով տարբեր քարտեզներ, համեմատելով հայկական և ադրբեջանական դիրքերը մինչև 2016-ի ապրիլի 1-2-ի գիշերն ու դրանից առաջ եղածը, կարելի է իրականությանը մոտ պատկեր տալ»,- նշում է կենտրոնը։

Այսպիսով՝ Լելե Թեփեում Արցախյան բանակը կորցրել է 7 դիրք, որոնք միասին կազմում են 1,5-2 կմ երկարություն և 500 մետրից մինչև 1 կիլոմետր խորություն:

«Ասել, որ սա շատ մեծ կորուստ է, արդարացված չէ: Բայց չի կարելի նաև անդադար հայտարարել, թե Լելե Թեփեն կարևոր նշանակություն չունի: Շփման գծի այս հատվածը հիմնականում դաշտավայր է, իսկ նման լանդշաֆտի պայմաններում ամեն մի բարձունք ունի կարևոր նշանակություն»,- նշվում է կենտրոնի վերլուծության մեջ:

2016-ի ապրիլ 1-2-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից գրավված Լելե Թեփե բարձունքը կամ բլուրը գտնվում է Հորադիզ գյուղի և Հորադիզ կայարանի միջև՝ դեպի Արաքս գտնվող հատվածում՝ գետից դեպի հյուսիս: 1994-ի մայիսյան անժամկետ զինադադարով և հաստատված շփման գծով նախկին Ֆիզուլիի շրջանի Հորադիզ գյուղը մնաց Արցախի, իսկ Հորադիզ կայարանը՝ Ադրբեջանի կազմում: Լելե Թեփեի դիրքերում Արցախյան բանակը անցյալ ապրիլին տվել է մի քանի տասնյակ զոհ և վիրավոր:

Ապրիլյան պատերազմից հետո Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով հայկական կողմի տարածքային կորուստների մասին, ասել էր, որ դրանք «շատ փոքր հատվածներ» էին շփման գծի հյուսիսում և հարավում, որոնք չունեին «ռազմավարական կարևորություն» հայկական զինված ուժերի համար, և վերջիններս չեն փորձել հետ բերել դրանք՝ «նոր զոհերից խուսափելու համար»:

Մեկնաբանել