Նազարբաևը որոշել է իր լիազորությունները կիսել խորհրդարանի և կառավարության հետ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հունվարի 25-ին հանդես է եկել հեռուստատեսային ուղերձ է հեղել ժողովրդին, հայտարարել է նախագահական լիազորությունների նշանակալի մասը կառավարությանն ու խորհրդարանին փոխանցելու մասին։

Ղազախստանի անփոփոխ նախագահն ու հետխորհրդային տարածքի ամենաերկարակյաց առաջնորդներից մեկը՝ Նուրսուլթան Նազարբաևը, հայտարարել է, որ անկախությունից հետո երկրում գործող նախագահական մոդելն անհրաժեշտ էր «պետականաշինության հետ կապված հսկայական դժվարությունների հաղթահարման համար», սակայն եկել է նոր մոդելի անցման ժամանակը։

Փոփոխության արդյունքում նախագահն իր լիազորությունների մի մասը կփոխանցի խորհրդարանին և կառավարությանը։ Ղազախ ղեկավարի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունը իշխանության «լուրջ վերաբաշխում է» և ընդհանուր առմամբ «քաղաքական համակարգի ժողովրդավարացում»։

«Նախագահը կկատարի ռազմավարական գործառույթներ, կխաղա գերագույն արբիտրի դեր։ Նա պատասխանատու կլինի արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության և պաշտպանունակության համար»,- պատմել է Նազարբաևը։ Կառավարությունն ու նախարարությունները, մինչդեռ, պատասխանատու կլինեն սոցիալ-տնտեսական գործընթացների համար։

Նոր համակարգով նախագահը պահպանում է վետոյի իրավունքը կառավարության և վարչապետի ընդունած որոշումների նկատմամբ։

Ղազախստանի ղեկավարը շեշտել է, որ երկիրը «երբեք չի կրկնօրինակել կառավարման օտարերկրյա մոդելները, չնայած որոշ հարցերում օգտվել է միջազգային փորձից»։

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կդրվի համաժողովրդական քննարկման։

***

Նուրսուլթան Նազարբաևը առաջին անգամ Ղազախստանի նախագահ էր ընտրվել 1991թ․ դեկտեմբերին։ 1995-ին հանրաքվեի արդյունքում նրա լիազորությունները երկարաձգվել են մինչև 2000թ․։ Դրանից հետո Նազարբաևը երկու անգամ վերընտրվել է։ 2007թ․ Ղազախստանի Սահմանադրությունում փոփոխություններ են մտցվել, որոնք նախագահին անսահմանափակ անգամներ վերընտրվելու հնարավորություն են տվել։ Նուրսուլթան Նազարբաևը կրկին երկրի ղեկավար է ընտրվել 2011 և 2015 թվականներին։

2016թ․ նոյեմբերին Bloomberg գործակալության հետ զրույցում Նազարբաևն ասել էր, որ մտադիր չէ իշխանությունը փոխանցել ժառանգականության սկզբունքով։