Ամերիկահայ փաստաբանները մեղադրվում են Ցեղասպանության ժառանգների գումարները յուրացնելու մեջ

Los Angeles Times թերթը հոդված է հրապարակել կալիֆոռնիական մի զույգի մասին, որը մեղադրվում է Ցեղասպանության ժառանգներին հատուցվելիք գումարներից յուրացումներ անելու մեջ։

Կալիֆոռնիայի փաստաբանների միությունը Վարդգես Եղիայան և Ռիտա Մահտեսյան ամուսնական զույգին մեղադրում է Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին մի քանի միլիոն դոլարանոց հատուցումից 300,000 դոլար գրպանելու մեջ։ Զույգը մեղադրանքները չի ընդունում։ Փաստաբանների միության փաստաթղթերի համաձայն՝ զույգը գումարները յուրացրել է իր ստեղծած երկու կեղծ, շահույթ չհետապնդող կազմակերպությունների միջոցով։

2005 թվականին դատական հայց էր հարուցվել ֆրանսիական AXA S.A. ապահովագրական ընկերության դեմ՝ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին հատուցելու համար։ Եղիայանը և Մահտեսյանը գործում հանդես էին եկել որպես երկրորդ փաստաբան։

Դատական հայցի արդյունքում Ցեղասպանության ժառանգներին փոխհատուցվելիք գումարը կազմել էր 20 միլիոն դոլար, որից 17.5 մլն դոլարը վճարելու էր ապահովագրական ընկերությունը։ Կալիֆոռնիայի փաստաբանների միության փաստաթղթերի համաձայն՝ դատավճռով ստեղծվել էր 3 միլիոն դոլարանոց «Սեփականատեր չունեցող գումարների ֆոնդ» (Unclaimed Benefits Fund), որը զատորոշել էր ինը շահառուների։

Ըստ դատավճռի՝ հիմնական փոխհատուցումն ու վարչական ծախսերը հոգալուց հետո գումարը պետք է բաշխվեր դատական գործով փաստաբաններ Եղիայանի և Մահտեսյանի կողմից առաջարկվելիք բարեգործական կազմակերպություններին։

Այդ շահույթ չհետապնդող կազմակերպություններից մեկը՝ «Հայոց հիշատակի կենտրոնը» (Center for Armenian Remembrance), հիմնվել է դատավճռի հրապարակումից երեք ամիս հետո միայն, և սերտ առնչություն ունի զույգի Brand Boulevard իրավաբանական ընկերության հետ:

Շահույթ չհետապնդող երկրորդ «Հայկական հիշողության պահպանություն» (Conservatoire de la Memoire Armenienne) անունով կազմակերպության հետքերը նույնպես տանում են այս փաստաբանների գրասենյակ։

Զույգը ավելի քան 300,000 դոլար է պահանջել բարեգործական որակված այս կազմակերպությունների համար։ Սակայն, Եղիայանն ու Մահտեսյանը չեն կարողացել տրամադրել բարեգործական գործունեության որևէ ապացույց։

Զույգն այդ միջոցներից վճարել է իրենց երկու երեխաների քոլեջի ուսման վարձը։

Մեկնաբանել