Դանիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունեց

Հունվարի 26-ին Դանիայի խորհրդարանում՝ 89 կողմ, 11 դեմ և 7 ձեռնպահ ձայներով ընդունվել է Վ-26 բանաձևը, որում, մասնավորապես, նշվում է, որ խորհրդարանը ափսոսանք է հայտնում առ այն, որ թուրքական օրենսդրությունն արգելում է քաղաքացիներին և լրատվամիջոցներին օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը իրադարձությունների առնչությամբ և կարծում է, որ դա և՛ գիտական, և՛ խոսքի ազատության անողջամիտ սահմանափակում է:

Նշվում է նաև, որ հաշտեցման լավագույն ճանապարհը պատմության և դրա հետևանքների շուրջ «բաց երկխոսությունն է` հիմնված ազատ և առանց գրաքննության պատմական հետազոտությունների վրա, հետևաբար և` այդ ժամանակաշրջանի բոլոր պատմական փաստաթղթերի վերհանումը»:

Բանաձևի նախապատմությունը

2016թ․ հոկտեմբերի 5-ին Դանիայի խորհրադարանի երեք քաղաքական ուժեր` կառավարությանը սատարող «Ազատական դաշինքը» և ընդդիմադիր «Այլընտրանք» ու «Կարմիր-Կանաչ դաշինք» կուսակցությունները Դանիայի արտաքին գործերի նախարարին հարցում էին ուղարկել՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշումը պարզելու նպատակով։

Քննարկումը պետք է կայանար նոյեմբերի 25-ին, սակայն հետաձգվել էր կառավարության փոփոխության պատճառով․ «Ազատական դաշինքը» դարձել է կառավարության կոալիցիայի մաս, իսկ կուսակցության նախագահ Անդերս Սամուելսենը` ԱԳ նախարար։ Արդյունքում կուսակցությունը հետ է կանգնել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու նախաձեռնությունից:

Ի վերջո հունվարի 19-ին Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում տեղի է ունեցել երեք-ժամանոց քննարկում Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որի հիմնական նախաձեռնողներն էին ընդդիմադիր «Այլընտրանք» ու «Կարմիր-Կանաչ դաշինք» կուսակցությունները: Քննարկման օրերին Դանիայի լրատվամիջոցները հեղեղվել էին ԱԳ նախարարի, այսինքն՝ «Ազատական դաշինքի» հասցեին քննադատություններով` վերոնշյալ նախաձեռնությունից հետ կանգնելու առնչությամբ: Հարկ է նշել, որ թեև «Ազատական դաշինքը» դադարել է Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչման ջատագովը լինելուց, այդուհանդերձ, դրա փաստը կասկածի տակ չի առնում. կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Հենրիկ Դալն իր ելույթում, մասնավորապես, ասել է. «Ես չեմ կասկածում, որ այն դաժան և հրեշավոր գործողությունները, որոնց զոհ են գնացել հայերը Թուրքիայի արևելքում 1915-1923թթ․, արդարացված է որակել որպես ցեղասպանություն։ (…) Մեր խորհրդարանական խումբը կիսում է իմ դիրքորոշումը»։

ԱԳ նախարար Անդերս Սամուելսենը, իր հերթին, հնչեցրել է կառավարության ոչ դրական վերաբերմունքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակումներին և գրաքննությանը։

«…1915թ. իրադարձությունները ցեղասպանություն կոչելը թույլատրված չէ: Խոսքի ազատության այդ տեսակ սահմանափակումներն, իհարկե, մեր գործող կառավարությունը ողջամիտ կամ տեղին չի համարում»,- ասել է նա։ Նիստի մասնակից կուսակցությունները իրենց խմբակցությունների անունից հաստատել են ցեղասպանության փաստը։

Միևնույն ժամանակ վերահաստատվել է հանձնառությունը՝ չխախտել Դանիայի խորհրդարանի՝ պատմական իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական որոշումներ չընդունելու ավանդույթը։

Մեկնաբանել