Սերժ Սարգսյանի ելույթի հիմնական հատվածները

Ընտրությունների օր, քաղաքական դաշինքներ, Գագիկ Ծառուկյանի վերադարձ, Հովիկ Աբրահամյանի հեռանալը ՀՀԿ-ից,- Սերժ Սարգսյանի ելույթի հիմնական հատվածները։

Հունվարի 26-ին տեղի է ունեցել իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի և գործադիր մարմնի նիստեր, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ընտրվել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ։ ՀՀԿ խորհրդի նիստին կուսակցության նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել անդրադառնալով մի շարք քաղաքական թեմաների։ ՍիվիլՆեթն առանձնացրել է ելույթի հիմնական հատվածները։

Ընտրությունները ապրիլի 2-ին անցկացնելու մասին

«Գիտեք, որ այս օրերին քաղաքական դաշտում կա որոշակի տարակարծություն ընտրությունների օրն ապրիլի 2-ին նշանակելու կապակցությամբ: Մեր իրավաբաններն ունեն համոզիչ փաստարկներ, որ դա իրավաբանորեն ամենաարդյունավետ լուծումն է, և դրա մասին դեռ կհրապարակեն փորձագիտական դիրքորոշումներ: Կարծում եմ՝ պարոն Դավիթ Հարությունյանը վաղը կպատասխանի բոլոր այն գրավոր հարցումներին, որ մենք ստացել ենք:

Անկեղծ ասեմ՝ իրավաբանական ձևակերպումներից անդին ես ինքս էլ մտահոգություն ունեմ: Ես ցանկանում էի ապրիլի 2-ը և հաջորդող մի քանի օրերը նվիրել մեր հերոս տղաներին, նրանց հիշատակին, նրանց մեծարմանը: Ցանկանում էի, որպեսզի այդ օրերը դառնան ապրիլյան պատերազմից հետո մեկ տարվա ընթացքում բանակաշինության ասպարեզում կատարված հսկայական աշխատանքի, նոր լուծումների, նոր ձեռքբերումների ներկայացում մեր հանրությանը: Ցանկանում էի, որպեսզի բոլորս միասին հավաստիացնենք մեր ժողովրդին, հավաստիացնենք աշխարհին, որ մենք նույն կերպ ենք վարվելու նաև բոլոր այդպիսի դեպքերում: Իհարկե, անկախ ընտրություններից, դա հիմա էլ ենք անում: Անձամբ ես դեմ չեմ եղել հրամանագիրը ստորագրելու պահին և հիմա էլ դեմ չեմ 4-5 օրով տեղափոխել ընտրությունների օրը: Բայց մի փոքր էլ սպասենք, երբ հայտնի կդառնան ընտրությունների բոլոր մասնակիցները, և մենք կկարողանանք նրանց հետ գալ համաձայնության՝ բոլորի հետ առանց բացառության, ես կարծում եմ՝ մեզ ոչինչ չի խանգարի, եթե ընդամենը մի քանի օրով հետաձգենք ընտրությունները: Եվ եթե գանք քաղաքական համաձայնության, ապա, վստահ եմ՝ մեր իրավաբանները դրա հիմնավորումները շատ հանգիստ կարող են տալ, և ընտրական պրոցեսը ոչնչով չի խաթարվի: Բայց համբերենք, սպասենք, տեսնենք՝ ի՞նչ է լինելու»:

Ձևավորվող քաղաքական դաշինքների մասին

«Ինչ վերաբերում է այս օրերին տեղի ունեցող դաշինքների կազմավորման գործընթացին, ապա շատ առողջ և ողջունելի գործընթաց է: Հիշում եք, սահմանադրական փոփոխությունների քննարկումների ընթացքում մենք պնդում էինք, որ տեղի կունենա քաղաքական հաստատությունների, քաղաքական ինստիտուտների խոշորացում, կձևավորվեն դաշինքներ, և կունենանք շատ ավելի կայուն և արդյունավետ քաղաքական դաշտ: Անցել է ընդամենը մեկ տարուց մի քիչ ավելի, և ահա, խնդրեմ, տեսեք, որ մենք ճիշտ էինք պատկերացնում գործընթացը: Մենք առնվազն մի տասնհինգ տարի լսում էինք, որ մեր երկրում քաղաքական դաշտը կայացած չէ, որ մեր երկրում կուսակցությունները չեն խոշորանում: Խոսում էինք, յուրաքանչյուրը տարբեր դեղատոմսեր էր առաջարկում, բայց գործընթաց չէր ընթանում: Ես վստահ եմ, որ ընտրություններից հետո այդ դաշինքները կդառնան կուսակցություններ: Մնացած փոքր կուսակցությունները, անշուշտ, կմնան, բայց նրանք այլևս որևէ դերակատարում չեն ունենա, կուսակցությունները կխոշորանան: Դա մեր երկրին անհրաժեշտ է, և ուզում եմ, որ առաջին հերթին դուք, այնուհետև նաև մեր ժողովուրդը վստահ լինեն, որ այն գաղափարները, որոնք դարձել են Սահմանադրություն, այսպես են լինելու: Կարող են լինել որոշակի անհարթություններ, որոշակի թեթև խնդիրներ առաջանալ, բայց մենք համակարգ ենք փոխում, նոր համակարգ ենք ստեղծում, և այդ պարագայում անհարթությունները, այդ եղած փոքր խնդիրները, կարծում եմ, որևէ խոչընդոտ չեն և չեն կարող դառնալ խնդիրներ: Մարդ մի տուն է կառուցում, հարյուրավոր խնդիրներ են առաջանում, հետո մտքին դնում է երկրորդը կառուցել իր սխալների, իրեն դուր չեկածի վրա, իսկ մենք պետության կառավարման համակարգ ենք փոխում, և բոլորս այստեղ պետք է շատ համոզված լինենք»:

Սերժ Սարգսյանը չի ողջունում Գագիկ Ծառուկյանի վերադարձը

«Մի քանի խոսք, ընդամենը երկու բառ այս օրերին հետաքրքրություն ներկայացնող մյուս հարցերի, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալու և դաշինքներ ձևավորվելու մասին: Շատ հակիրճ եմ ասում՝ ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը, իսկ ինչ վերաբերում է դաշինքների կազմավորմանը կամ քաղաքական տարբեր ուժերի մասնակցությանը ընտրապայքարին, ինչպես ասացի՝ դրական երևույթ եմ համարում»:

Սերժ Սարգսյանը ակնարկում է Հովիկ Աբրահամյանի հեռանալու մասին

«Մյուս հարցը առավել քան ծիծաղելի է. ուղղակի զավեշտական են այն փորձերը, որ անում են մարդիկ՝ ցանկանալով ներկայացնել, թե Հանրապետականից արտահոսք կա: Ի՞նչ ասեմ, դուք էլ գիտեք, որ դա անհեթեթություն է. միայն վերջին մի քանի ամիսներին մեր կուսակցությանը անդամագրվել է 11000-ից ավելի մարդ: Ուզում եմ այս թեմային արձագանքել փոխաբերաբար: Գիտեք՝ մայր գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, և որևէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու»:

Մեկնաբանել