Մինսկի դատարանն ուժի մեջ է թողել Լապշինին արտահանձնելու որոշումը

Հունվարի 26-ին Մինսկի քաղաքային դատարանն ուժի մեջ է թողել Բելառուսում ազատազրկված՝ Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու Բելառուսի գլխավոր դատախազության որոշումը։

Այսպիսով՝ բլոգերի բողոքը մերժվել է։ Դատավորը տեղեկացրել է, որ Ալեքսանդր Լապշինը տասն օրվա ընթացքում իրավունք ունի բողոքարկել դատավճիռը Բելառուսի Գերագույն դատարանում։

Դատական նիստն անցել է փակ ռեժիմով։ Լրագրողներն ու Ռուսաստանի և Իսրայելի դիվանագետները նիստերի դահլիճ են մտել միայն որոշման հրապարակման ժամանակ։

Ավելի վաղ Բելառուսի դատախազությունը հայտարարել էր, որ Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը կայացվել է ադրբեջանական կողմի տրամադրած նյութերի հիման վրա։

Դատական նիստի ընթացքի և բելառուսական կողմի բազմաթիվ խախտումների մասին Ալեքսանդր Լապշինի ֆեյսբուքյան էջում գրառում է արել նրա կինը՝ Եկատերինան։ Նա գրել է, որ փաստաբաններին նյութերը տրամադրվել են միայն լսումից երեք ժամ առաջ, բայց քանի որ նրանցից վերցրել են նյութերը չհրապարակելու վերաբերյալ ստորագրություն, այդպես էլ հայտնի չի դառնա, թե ինչ է գրված գործի նյութերում։

Եկատերինան բարձրաձայնել է բազմաթիվ խախտումները՝ հոդվածների անհամապատասխանությունը, որոշման և արտահանձնման հայտում դատարանների տարբեր անվանումները, փաստաբաններից գործի նյութերի փաստացի քողարկումը, բուն մեղադրյալի՝ դատական նիստին բերվելը ամենավերջին պահին։

«Նիստին նրան հսկում էին 6 ոստիկաններ, 6, որոնք ի դեպ ջանասիրաբար նրանից վանում էին փաստաբաններին՝ ես դա ամձամբ եմ տեսել դատավճռի հրապարակման ժամանակ»,- գրել է կինը։

Ավելին՝ Լուկաշենկոն «մոռացության մեջ է ընկել», «սադրում է» Մոսկվային, Թել Ավիվին և Երևանին:

Մեկնաբանել