Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր հրավիրած ասուլիսին ամփոփեց իր 100 օրվա գործունեությունը: ՍիվիլՆեթն ասուլիսից առանձնացրել է նախարարի մի շարք հայտարարություններ։
«1000 դրամների օրենքի» մասին
«Մենք ունեցանք շատ կարևոր զարգացում՝ կապված զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ապահովագրման հիմնադրամի ստեղծման հետ: Շատ չեմ ուզում կանգ առնել թեմայի վրա, որովհետև բոլոր հարցերին առիթ ունեցել եմ պատասխանելու: Մենք մոտենում ենք ավարտական փուլին՝ հիմնադրամի ընթացակարգերի ձևավորմանը: Ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ պաշտպանության նախարարության համար չափազանց կարևոր է լինելու այս հիմնադրամի գերթափանցիկ և գերհասկանալի աշխատանքը հասարակական ընկալման համար»:
Զինված ուժերում ինքնասպանության դեպքերի մասին
«Երբեմն մարդիկ մղվում են այդ ճանապարհին որպես թվացյալ խնդիրների լուծում. մեզ համար հսկայական ցավ է դա, բայց վիճակագրությունն ուսումնասիրելով՝ տեսել եմ, որ զինված ուժերում նույն տարիքային խմբի ինքնասպանությունների թիվը գրեթե չորս անգամ պակաս է ԶՈւ-ից դուրս գտնվող ինքնասպանությունների թվից: Ես հեռու եմ այն մտքից, որ բանակը հասարակության հայելին պետք է լինի, և ինչ խնդիր կա հասարակությունում, պետք է լինի բանակում, քանի որ բանակում կան բազմաթիվ գործիքներ: Մենք պետք է լինենք քաղաքացու կերտման դպրոց ու դարբնոց և այդ ճանապարհին անելիքներ ունենք»:
ՊՆ-ի 1-28 թեժ գծի մասին
«Ես որպես շատ կարևոր ձեռքբերում տեսնում եմ թեժ գծի ստեղծումը: 1-28 համարով թեժ գիծը շատ ինտենսիվ սկսել է իր աշխտանքը: Օրական ունենում ենք 120-150 հեռախոսազանգ, և թիմը, որ աշխատում է այդ թեժ գծի վրա, ողջ օրը աշխատելով մեր բոլոր ստորաբաժանումների հետ՝ փորձում է օր առաջ, վայրկյան առաջ լուծում գտնել խնդրին: Այդ զանգերով մենք ստանում ենք ինչպես անհատական դեպքեր, այնպես էլ ավելի լայն, մեծ խնդիրներ և մենք փորձում ենք գտնել մեր լուծումները: Փորձելու ենք ուժեղացնել նաև բանակի ընկալումը հասարակության մեջ՝ կազմակերպելով համապատասխան հանդիպումներ խոցելի խմբերի հետ։ Թարմացնելու ենք նաև մեր կայքէջը, որը խնդիր ունի որակապես փոխվելու»:
Մինչև ամառային զորակոչ բարելավումներ անելու մասին
«Համազգեստը, առավել ևս զինվորական կոշիկները շատ կարևոր են զինծառայողների համար: Մեր նոր պատվիրած կոշիկները տարբերվելու են այսօրվա կոշիկներից: Սրանով չենք բավարարվում: Մեր գնահատականով՝ միջանկյալ արդյունք է: Մինչև ամառային զորակոչը մեկ քայլ առաջ պետք է անենք զորակոչն ավելի հարթ, համաչափ կազմակերպելու համար: Կարևոր է, որ մուտքը լինի համոզիչ»:
200 մլն դոլարի սպառազինություն է մտնում Հայաստան
«Չեմ կարող բացել ցանկը, քանի որ գաղտնի է, բայց 200 միլիոն դոլարով [ռուսական վարկ] նախատեսված սպառազինության մի մասն արդեն Հայաստանում է, մատակարարված է զինված ուժեր և դրված է ծառայության: Մնացած պայմանագրերն ընթանում են ըստ կնքված ժամանակացույցի, և հետամուտ ենք լինելու, որ շուտ ստանանք, քանի որ բանակի մարտունակությունը կախված է սպառազինությունից»:
ՊՆ-ն վերանայում է գնումների գործընթացը
«Մենք հասկանում ենք ցանկացած գործարարի դժվարություն, պատրաստ ենք կանգնել նրա կողքին, բայց բանակի հետ կնքված պայմանագրերը պետք է կատարվեն լիարժեքորեն, որակով ու ճիշտ ժամանակին: Հաշվի առնելով հսկայական զորանոցային ֆոնդը, մենք ունենք մեծ ծախսեր գազի ու լույսի հետ կապված, ու կարևոր է հասկանալ, թե որտեղ կարող ենք նոր տեխնոլոգիաները կիրառելով՝ ապահովել ծախսերի կտրուկ նվազեցում»:
Ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույքներում նշումների մասին
«Մենք ստացել ենք ահազանգը թեժ գծով: Այժմ գնում է համակարգային ուսումնասիրություն, թե որտեղ է եղել խնդիրը: Մի կողմից թվում է, որ ամեն ինչ պարզ է՝ մարդն ասում է, որ ինքը մասնակցել է, բայց չի գրվել զինգրքույկում, մյուս կողմից այդքան էլ պարզ չէ: Բոլորն ուզում են, որ գրքույկում գրված լինի, որ իրենք մարտական գործողությունների մասնակից են եղել, դա մի շարք արտոնություններ է տալիս և այլն: Պետք է շատ կոռեկտ լինենք. հայտնաբերելով յուրաքանչյուր դեպք, երբ մարդու իրավունքն է խախտված՝ զիառայողը ծառայել է, չի նշվել, մյուս կողմից բացառելով ուղղակի լավության կարգով շռայլ բաժանելը»:
Վարչապետ դառնալու ցանկության մասին
«Ես համարում եմ ՊՆ-ի աշխատանքը ամենահետաքրքիր, պատասխանատու և կարևոր աշխատանքներից մեկը։ Չեմ կարծում, որ պետք է համադրել այս պաշտոնը այլ պաշտոնի հետ: Ես ունեմ մեկ երազանք, որ ընտրությունների արդյունքում ապահովենք այնպիսի արդյունք, որը թույլ կտա ինձ առաջիկա տարիներին աշխատել ՊՆ-ում, քանի որ այստեղ կան շատ անելիքներ, և կարծում եմ, որ այս գործառույթը այն կարևորության է, որ անհամադրելի է որևէ բանի հետ»:
Նախընտրական քարոզարշավին մասնակցելու մասին
«Նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, ես Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ եմ և մասնակցելու եմ քարոզարշավին այն ծավալով, որով կուսակցությունը նպատակահարմար գտնի»:
Պատրաստեց Ալինա Նիկողոսյանը