Ռուսաստանում ապաքրեականացվում է ընտանեկան բռնությունը

Ռուսաստանի Պետդուման ընտանեկան բռնության ապաքրեականացման վերաբերյալ օրինագիծ է ընդունել, հաղորդում է «Մեդուզա»-ն։

Փաստաթղթի օգտին երրորդ և վերջին ընթերցմամբ քվեարկել է 380 պատգամավոր, դեմ՝ 3-ը։

«Ստացվում է հետևյալ իրավիճակը․ մարդիկ պատժվում են հանգամանքների համար, որոնք կապ չունեն  իրավախախտման հետ։ Եթե միայնակ մայրը տղային ապտակի, դառնում է հանցագործ։ Իսկ կողմնակի տղամարդը կպատժվի վարչականորեն»,- քննարկման ժամանակ հայտարարել է ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Անդրեյ Իսաևը։

Իշխող կուսակցության ներկայացուցիչը նշել է, որ ընտանեկան բռնության քրեականացումը Եվրոպայում հանգեցրել է մի իրավիճակի, երբ ծնողներին զրկում են ծնողական իրավունքներից։

Օրինագծի դեմ հանդես են եկել ՌԴ Լիբերալ-դեմոկրատական և Կոմունիստական կուսակցությունները։

Պետդումայի ընդունած օրինագծով մտերիմների հանդեպ բռնությունը դասվում է վարչական իրավախախտումների շարքին։

Դաշնության Խորհրդի կողմից փաստաթղթին հավանություն տալուց և նախագահի կողմից ստորագրվելուց հետո քրեական պատիժ կսահմանվի միայն խուլիգանական դրդումներով կամ թշնամանքից ու ատելությունից դրդված բռնության համար։ ՌԴ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը նախատեսում է մինչև երկու տարվա ազատազրկում։

Ընտանեկան բռնությունն, իր հերթին, կպատժվի վարչական հոդվածով, որը նախատեսում է 5-30 հազ․ ռուբլիի տուգանք կամ ազատազրկում 10-15 օրով, կամ 60-120 ժամվա հարկադիր աշխատանքներ։