Կառավարությունը մերժել է Վանաձորում նոր ընտրություններ նշանակելու միջնորդությունը

Կառավարությունը մերժել է «Լուսավոր Հայաստան» կուսացկության խորհրդի նախագահ, պատգամավոր Էդմոն Մարուքյանի միջնորդությունը՝ Վանաձորի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ։ Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրեց վարչապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը՝ նշելով, որ դիմումի պատասխանն արդեն ուղարկվել է պատգամավորին։

«Քննարկելով Վանաձոր համայնքում ավագանու երեք խմբակցությունների կողմից ավագանու նիստերը բոյկոտելու հետևանքով ստեղծված իրավիճակը, կառավարության կողմից Վանաձորի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու միջոցով հանգուցալուծելու վերաբերյալ վարչապետին ուղղված «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի և «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանի միջնորդությունը՝ հայտնում ենք հետևալը․

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 62-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ավագանու հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարրի 2-րդ երեքշաբթի օրվանից մինչև հունիսի վերջին չորեքշաբթին և սեպտեմբերի 2-րդ երեքաշաբթի օրվանից մինչև դեկտեմբերի վերջին չորեքշաբթին։ Վանաձոր համայքնի ավագանու ընտրությունները կայացել են 2016թ․ հոկտեմբերի 2-ին, համայնքի ղեկավարն ընտրվել է համայնքի ավագանու 2016թ․ հոկտեմբերի 10-ի նիստում։ Այնուհետև քվորում չլինելու պատճառով ավագանու նիստեր չեն կայացել։

Նույն օրենքի 69-րդ հոդվածի առաջին մասի համաձայն կառավարությունը կարող է անժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավել չեն կատարվում։ Հոկտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 28-ը ընկած ժամանակահատվածը չի բավարարում վերոնշյալ ժամանակային պահանջին՝ երեք ամիս, ուստի գտնում ենք, որ կառավարությունը չունի բավարար իրավական հիմքեր Վանաձոր համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար»,- նշված է պատասխանի մեջ։

Վանաձորում 2016թ․ հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններում իշխող ՀՀԿ-ի թեկնածուն և նրան սատարող ՀՅԴ-ն միասին ստացել էին 15 մանդատ, իսկ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները միասին՝ 18 մանդատ։ Չնայած վերջին երեքը համաձայնել էին աջակցել «Լուսավոր Հայաստանի» թեկնածուին, ավագանու հոկտեմբերի 10-ին կայացած առաջին նիստին փակ, գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը։ Այժմ ՀՀԿ-ին չի հաջողովում քաղաքի կառավարումը բնականոն հունի մեջ դնել, քանի որ քաղաքի ավագանում փոքրամասնություն ունենալու պատճառով չի կարողանում ավագանու նիստեր գումարել: Ընտրություններից հետո գումարվել է ավագանու ընդամենը մեկ խնդրահարույց նիստ, որի ընթացքում և ընտրվել է քաղաքապետ։

Մեկնաբանել